Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ երեկ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում:

«Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

«Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին:

Միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին: Աշխարհահռչակ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը Մակրոնին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկ է նվիրել:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Ֆրանսիայի Էմանյուել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001 թվականին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: France-Presse-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG