Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն՝ երեկ ընդունելով Ավստրիայում Հայաստանի դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին:
Իր հավատարմագրերը հանձնելով Ամանոյին՝ Պապիկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում բարձրաստիճան երկկողմ շփումների կարևորությանը։
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը և դեսպան Պապիկյանը՝ որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, մտքեր են փոխանակել Կառավարիչների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ: