Մատչելիության հղումներ

Քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Զեկուցվել է, որ վերջին շրջանում գինեգործության ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, որոնք նպաստել են նաև արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 2017 թվականին 2016-ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր: Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016-ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, քննարկվել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման հնարավորություններին, տնտեսվարողներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերադարձնելիության ժամկետներին, արտահանման, հարկային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական ծրագրին, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է գինեգործության շարունակական զարգացումը և այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարևորել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել և դրանք ներկայացնել կառավարությանը՝ դրանք համատեղ կյանքի կոչելու նպատակով: Անդրադառնալով հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը: Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG