Մատչելիության հղումներ

Թրամփի երդմնակալությունը՝ Մանհեթենի դատախազության ուշադրության կենտրոնում


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․

Մանհեթենի դատախազությունը փետրվարի 4-ին պաշտոնական ծանուցագիր է ուղարկել Դոնալդ Թրամփի` 2017-ի հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունը կազմակերպած հատուկ հանձնախմբին` պահանջելով իրավապահներին տրամադրել այդ կառույցի գործունեության ընթացքում գոյացած ողջ փաստաթղթային բազան:

Խոսքը, մասնավորաբար, երդմնակալության արարողության կազմակերպմանը ֆինանսական նվիրատվություններով աջակցած բոլոր անձանց տվյալների, ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնամուտի արարողության և հարակից միջոցառումների հյուրերի ամբողջական ցանկի, նրանց համար ձեռք բերված ավիատոմսերի, մի շարք այլ փաստաթղթերի մասին է:

Նոր մեկնարկած այս հետաքննության մասին գրեթե միաժամանակ հաղորդեցին The Wall Street Journal և The New York Times պարբերականները: Վերջինն իր հրապարակման մեջ հղում է կատարում հետաքննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրների` նշելով, որ Մանհեթենի դատախազությունը նախևառաջ փորձում է պարզել` արդյո՞ք Թրամփի երդմնակալությունը ֆինանսավորած անձնաց թվում օտարերկրյա քաղաքացիներ առկա են, թե՞՝ ոչ:

«Եթե օտարերկրացիների կատարած նվիրատվությունների մասին տեղեկությունները հաստատվեն, ապա դա ամերիկյան օրենսդրության կոպիտ խախտում կլինի», - պնդում է պարբերականը:

Միացյալ Նահանգների նախագահին գաղափարապես մոտ կանգնած Fox News ալիքը հիշեցնում է, որ Մանհեթենի դատախազության կողմից իրականացվող այս հետաքննությունը Թրամփի անվան հետ կապվող և պաշտոնապես հաստատված երրորդ գործն է: Առաջինը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի` Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների հնարավոր կապերի մասին է: Երկրորդ հետաքննությունը, որ գտնվում է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության վարույթում, վերաբերում է Թրամփի ենթադրյալ սիրուհիներին լռության դիմաց կատարված վճարումներին: Ինչ վերաբերում է Թրամփի երդմնակալության արարողության ֆինանսավորման ընթացքում թույլ տրված հնարավոր խախտումներին, ապա դրանց ուսումնասիրությամբ, ըստ The New York Times-ի, զբաղվում են նաև Բրուկլինի դատախազության աշխատակիցները` մանհեթենցի գործընկերներից անկախ ընթացող հետաքննության շրջանակներում:

Դոնալդ Թրամփի երդմնակալության ֆինանսավորմանը վերաբերող այս հետաքննության մասին առաջին, ոչ պաշտոնական տեղեկությունները ի հայտ եկան նախորդ տարեվերջին: Դեկտեմբերին մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ դատախազությունը լուրջ կասկածներ ուներ, որ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով ֆինանսավորել են Թրամփի երդմնակալության արարողությունը` նորընտիր նախագահի և նրա մերձավոր շրջապատի հետ քաղաքական կապեր հաստատելու նպատակով:

Այսօր արդեն The New York Times պարբերականը որոշ մանրամասներ է հաղորդում հետաքննության շրջանակներում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց և կազմակերպությունների մասին:

Թերթի տեղեկություններով՝ Մանհեթենի դատախազության ծանուցագրում հիշատակվում է Լոս Անջելեսում բնակվող գործարար Իմաադ Զուբերին, որի հիմնադրած Avenue Ventures ընկերությունը շուրջ 900 հազար դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության կազմակերպմանը:

«Իմաադ Զուբերին տեղյակ չէ, որ իր անունը տեղ է գտել դատախազության ծանուցագրում: Նա առատաձեռնորեն այդ գումարը նվիրաբերել է անմիջականորեն երդմնակալության հանձնախմբին` մի շարք այլ անձանց շարքում, որոնցից շատերը անհամեմատ ավելի մեծ գումարներ են փոխանցել», - The New York Times-ին ասել է գործարարի մամուլի խոսնակը:

Մանհեթենի դատախազության ծանուցագրում հիշատակված է նաև քարտային փոխանցումների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող Stripe ընկերությունը, որի փայատերերից մեկը Թրամփի փեսայի` Ջարեդ Քուշների հարազատ եղբայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG