Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, որ մենք խոսում ենք նոր «սառը պատերազմի» մասին». Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի համարում, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, թե դուրս է գալիս միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, պետք է խոսել նոր «սառը պատերազմի» մասին։

«Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք «սառը պատերազմի» մասին։ Նոր դարաշրջան է սկսվել, երբ ԱՄՆ-ը որոշել է քանդել սպառազինության վերահսկողության, հարձակողական սպառազինության կրճատման համակարգը։ Սա տխուր է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, այսօր հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ հանդես գալ նոր նախաձեռնություններով սպառազինության վերահսկողության շուրջ նոր պայմանագրի հարցով, սակայն սրա հետ մեկտեղ՝ եթե նման նախաձեռնությամբ հանդես գա Վաշինգտոնը, պատրաստ է այն ուսումնասիրել։

Փետրվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ իր երկիրը նույնպես դադարեցնում է մասնակցությունը միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրին այն բանից հետո, երբ նախօրեին այդ քայլին է դիմել Միացյալ Նահանգները:

Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովին կարգադրել էր ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևս չվարել, իսկ պաշտպանության նախարարին հրամայել էր «արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային տեսակի հրթիռներ ստեղծելու աշխատանքը»:

Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե իր երկիրը դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռների 1987 թվականի պայմանագից: Պայմանագրից դուրս գալու գործընթացը կտևի կես տարի: Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուզում է նոր պայմանագիր կնքել Մոսկվայի հետ։

Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է պայմանագիրը խախտելու համար՝ նշելով ռուսների կողմից պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ ստեղծելու հանգամանքը:

Խոսքը 9M729 Новатор տեսակի հրթիռի մասին է, որը, սակայն, ռուսների պնդմամբ, չի հակասում 1987 թվականին Խորհրդային Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված պայմանագրին:

Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այդ հրթիռի արտադրությունը կամ դրա տեխնիկական պարամետրերը համապատասխանեցնել պայմանագրին և ներկայացրել է վերջնագիր, որի ժամկետը սպառվել է փետրվարի 2-ին։

Ռուսաստանցի փորձագետներից շատերը համոզված են, որ այս պայմանագրի դադարեցումը ստիպելու է Մոսկվային ներքաշվել սպառազինության նոր մրցավազքի մեջ, ինչը կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի առանց այդ էլ թուլացած տնտեսության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG