Մատչելիության հղումներ

Հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս փուլը «ստանում է ուշագրավ դրսևորում»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 1-ը փետրվարի, 2019թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 1-ը փետրվարի, 2019թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է երեկ` ուշ երեկոյան Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը, Հայաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է. «Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Ստորագրեցինք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և՛ Եվրոպական միությանը, և՛ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Հայաստանի կառավարության ղեկավարը, հանդիպմանը ներկայացնելով երկրի տնտեսական օրակարգը, ասել է. - «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները»։

Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո, Փաշինյանն ասել էր՝ քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման։

Վարչապետը նշել էր, որ խոսել են նաև տարածաշրջանային խնդիրներից։ Խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և «այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է լինի գործընթացը երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ էության, վարչապետն արձանագրել է, որ այս պահին գոնե ինքը բավարարված է Անգելա Մերկելի հետ քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից, և Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն՝ այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդելու։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա բավականին տպավորիչ և ներկայացուցչական էր։ Հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս փուլն այսպիսով ստանում է ուշագրավ դրսևորում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Չմոռանանք, որ դեկտեմբերի 9-ին խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո Գերմանիայի կանցլերը առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությանը հաղթանակի առիթով և ցանկություն հայտնեց, հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինի հանդիպում։ Եվ եթե էս հանգամանքը համադրենք նաև այն ֆոնին, որ դեկտեմբերի 9-ից հետո Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ գործընկերներից կամ, այսպես ասած, դաշնակիցներից որևէ մեկը Հայաստանին չշնորհավորեց, հետո արդեն մի քանի շաբաթ անց շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ապա այստեղ հայ-գերմանական հարաբերության ներկայիս փուլը իսկապես ստանում է առանձնահատուկ և ուշագրավ դրսևորում։ Ինչ վերաբերում է տնտեսական փոփոխություններին, այսինքն՝ տնտեսական արդյունքներին, դրանք սովորաբար, իհարկե, շատ արագ տեղի չեն ունենում, միաժամանակ, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ փորձ արվի առարկայացնել այս հարաբերությունները նաև տնտեսական դաշտում», - նշեց Հակոբ Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը կարևորեց Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի հարցի շուրջ։ Այս մասին Փաշինյանը Քյոլնում խոսել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Արցախի խնդրի, Արցախի հարցի վերաբերյալ Փաշինյանը գերմանական այցի էդ դրվագում արեց բավական նշանակալի ու խորքային նշանակություն ունեցող հայտարարություններ, որոնք կարող են էական նշաններ պարունակել Հայաստանում հարցի վերաբերյալ պատկերացումները փոխելու տեսանկյունից», - ասաց Բադալյանը։

Ոչ միայն Հայաստանի համար է կարևոր Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը, այլև՝ հակառակը, ընդգծեց քաղաքական մեկնաբանը. «Հայաստանը ռեգիոնալ առանցքային դերակատարում ունեցող պետություն է, և ԵՄ համաշխարհային առաջատար երկրներից մեկը՝ Գերմանիան, ռեգիոնալ քաղաքականության համատեքստում ևս ունի Հայաստանի հետ լավ հարաբերության անհրաժեշտություն»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ Գերմանիայում և՛ վարչապետ Փաշինյանի, և՛ կանցլեր Մերկելի հնչեցրած հայտարարություններին, ասաց՝ պետք է ակնկալել բանակցային գործընթացի ակտիվացում։

«Գերմանիան, որպես Եվրամիության ընդգծված առաջատար, փաստորեն, իր աջակցությունն է հայտնում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը և դրական է գնահատում, էդպես համենայն դեպս ընկալվեց, Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը։ Եվ կարևոր եմ համարում կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին, որ ավելի արագացնեն գործընթացը և խոսքից անցնեն գործին։ Դա նույնպես կարևոր ուղերձ էր, որի առաջին հասցեատերը, կարծում եմ, այնուամենայնիվ, Ադրբեջանն էր։ Ես կարծում եմ, որ պետք է ակնկալել բանակցային գործընթացի ակտիվացում և հատկապես ակտիվացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, որովհետև դա միշտ օրակարգում եղել է, համանախագահները միշտ ասել են, որ ինչ-որ փուլում պիտի Լեռնային Ղարաբաղը նույնպես մասնակցի բանակցություննեիրն։ Կարծում եմ, դա ուղերձ էր այդ գործընթացը արագացնելու», - ասաց Բաղդասարյանը։

Քաղաքագետը կարծում է՝ վարչապետ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Եվրամիության առանցքային երկիր Գերմանիա կարող է արագացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։

2018 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: Դա Գերմանիայի կանցլերի առաջին այցն էր Հայաստան և գնահատվեց որպես պատմական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG