Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչներին


Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը շնորհավորելով Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, նշել է. «Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և’ Եվրոպական միությանը, և’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական օրակարգը, ասելով. «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել։ Նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները»։

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի։

«Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Փաշինյանի այցը Գերմանիա ավարտվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG