Մատչելիության հղումներ

«Խորհրդարանը պետք է ամեն ճիգը գործադրի, որ գրեթե 100 տոկոսի հասնող վստահությունը վերածի կոնկրետ գործերի». Ռուստամյան


Դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, լիարժեք պատկերը չէին կարող տալ քաղաքական ուժերի իրական գործունեության։

«Կար պաթոսի և էյֆորիայի վիճակ, և այդ էյֆորիան և պաթոսն ամբողջությամբ արտահայտվել է էս ընտրությունների արդյունքներով՝ էն, ինչի մասին մենք խոսում էինք։ Դրա համար էլ մենք ասում էինք՝ պետք է տալ ժամանակ, որպեսզի ընտրողը շատ ավելի լավ կողմնորոշվի, ծանրութեթև անի, այս պաթոսից մի քիչ դուրս գա, ավելի սթափ հայացքով նայի իրավիճակին և ըստ այդմ գնահատի։ Մեծ մասով ընտրությունների արդյունքները դրանով արդեն կանխորոշված էին, և որևէ մեկի մոտ կասկած չկար, և մենք էլ էինք դա հայտարարում, որ ֆավորիտը, ով պետք է հաղթի այս ընտրություններում, ակնհայտ է, դրա համար մենք ասում էինք՝ դեկտեմբերին ընտրությունների անցկացումը մեզ համար անընդունելի է, որովհետև ժողովուրդը չէր նախապատրաստվել իրական ընտրություն կատարելու», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռուստամյանը։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահի, նորընտիր խորհրդարանը պետք է ամեն ճիգը գործադրի, որ «գրեթե 100 տոկոսի հասնող վստահությունը վերածի կոնկրետ գործերի»։

«Եթե դա տեղի չունենա, էս ակնկալիքները, որոնք հսկայական կան, արագ կվերածվեն հիասթափության, ինչպես 90-ականներին տեսել ենք», - ասաց Ռուստամյանը՝ շարունակելով. - «Իսկ մենք այսօր ուզում ենք, որ էն մեծ ոգևորությունը, որ առաջացել է համաժողովրդական զարթոնքով, ինչպես առաջացել էր 90-ականներին, իր նպատակին ծառայի, իսկ դա նշանակում է, որ հեղափոխություն ասածը պետք է ամեն մեկն իր կենցաղում զգա, իր տունը պետք է մտնի։ Շարժումը միայն մերժումով չէր կարող ավարտվել, հիմա գալիս է շարժման արարման փուլը, ստեղծման փուլը։ Եթե ստեղծումը չհամապատասխանեց էն ակնկալիքներին, որ ժողովուրդն ուներ, շատ արագ կարող է էս ամբողջ խորհրդարանի պատկերը չհամապատասխանել հասարակության մեջ առկա տրամադրություններին», - ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG