Սպասվում է, որ Հունաստանի խորհրդարանը այսօր կքվեարկի հարևան Մակեդոնիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատմական համաձայնագրի վերաբերյալ:
Երեկ, մինչ խորհրդարանը քննարկում էր համաձայնագիրը, ցուցարարները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու: Նրանցից ոմանք վանկարկում էին «դավաճաններ»:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել, երբ ցուցարարներից ոմանք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը հայտարարել է, որ 10 մարդու է ձերբակալել, ևս 133 մարդ բերման է ենթարկվել բռնություն գործադրելու մտադրության կասկածանքով:
Այսօր խորհրդարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիայի կոչեր են արվում:
Անցած տարվա հունիսին Հունաստանը և Մակեդոնիան համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների միջև երկարամյա վեճին վերջ տալու համար: 27 տարի շարունակված վիճաբանությունից հետո կողմերը համաձայնեցին, որ Մակեդոնիան այսուհետև կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիա։