Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները


Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները:

Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:

Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:

Նշենք, որ Փաշինյանը հանդիպել է նաև «Միթսուբիշի Հևի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի և eBay ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG