Մատչելիության հղումներ

Այսօր բացվում է Դավոսի համաժողովը


Դավոսի ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբ, արխիվ

Արդի աշխարհի քաղաքական և տնտեսական գործիչների մի մեծ խումբ այսօր հավաքվում է Դավոսում, որտեղ գումարվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը:

Մասնակիցների թվում են պետությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների և բարեգործական առաքելություն իրանականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, կրոնական առաջնորդներ, հասարակական հայտնի գործիչներ, հանրային գործունեություն ծավալող արվեստագետներ և շոու բիզնեսի աստղեր:

2019 թվականի Դավոսյան ֆորումի նշանաբանն է «4.0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»:

Հիմնական թեմաներն են գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխությունները:

«Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար», - ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

2019-ի ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքեր:

Ի դեպ, վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր, ինչպես նաև ամերիկյան այլ ներկայացուցիչների մասնակցությունը Դավոսյան ֆորումին:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսում կներկայացնի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրերս Դավոսի ֆորումի կայքում հրապարակվել է վարչապետի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, մարտահրավերների և ձգտումների մասին:

«Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել», - գրել է վարչապետը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլյան շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլև ամբողջ աշխարհում ապրող հայությանը:

Դավոսի 2019 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կավարտվի հունվարի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG