60-ից 100 հազար մարդ է մասնակցել կիրակի օրը Աթենքում կազմակերպված բողոքի ցույցին, որի մասնակիցները պահանջում էին Հունաստանի խորհրդարանի անդամներից՝ չվավերացնել Մակեդոնիայի անվանափոխության վերաբերյալ համաձայնագիրը:
Հունաստանի խորհրդարանի շենքի առջև կազմակերպված բողոքի գործողություններն ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով:
Պաշտոնական տվյալներով՝ ազգայնական ցուցարարների հետ ընդհարումների ընթացքում առնվազն 9 ոստիկան է տուժել:
Իրավապահները ցույցը ցրելու նպատակով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Աթենքի և Սկոպյեի միջև 2018-ի հունիսին կնքված պայմանագրի համաձայն, հարավսլավական նախկին հանրապետությունն այսուհետ կոչվելու է «Հյուսիսային Մակեդոնիա»: Հույն ազգայնականները, սակայն, պահանջում են, որպեսզի հանրապետությունը հրաժարվի իր անվանման մեջ «Մակեդոնիա» տեղանվան կիրառումից` նշելով, որ դա կարող է վտանգել Հունաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ երկրի հյուսիսային երկրամասն արդեն իսկ Մակեդոնիա է կոչվում: