Մատչելիության հղումներ

Այսօր Փարիզում կհանդիպեն Մնացականյանը և Մամեդյարովը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ.
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ.

Այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված հաղորդագրությունում:

Հանդիպման մասին հաղորդել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:

Հանդիպումները և բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ամերիկացի Էնդրյու Շոֆերի աջակցությամբ և մասնակցությամբ, դրանց մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG