Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ


Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումներից, արխիվ

Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Նրանք հանգամանալից խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրում դեռևս նախորդ տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա մասնավորապես ընդգծել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարևորությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Մնացականյանը նշել է, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը: Կարևորվել է լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառման և դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք բաղկացուցիչ մասն են կազմում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար: Երկուստեք նշվել է, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը:

Կողմերն ընդգծել են, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների օրակարգում ներառված միջոցառումներին և կարևորել դրանց նախօրեին միմյանց միջև մտքերի փոխանակման ձևավորված գործառույթը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արցախի միջև ոլորտային համագործակցությանն ու երկկողմ օրակարգին առնչվող հարցերին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG