Անցած հանգստյան օրերին Բաշար Ասադին հավատարիմ զորամիավորումները և թուրքական բանակը շարունակում էին ուժեր կուտակել Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններին հարող տարածքներում: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական բանակի նոր ստորաբաժանումներ են մուտք գործել Մանբիջի շրջան` դիրքավորվելով համանուն քաղաքի անմիջական հարևանությամբ:
«Մենք այժմ Մանբիջի մերձակայքում ենք, ավելի հստակ` Մանբիջ քաղաքի հյուսիս-արևմտյան արվարձաններում` առաջնագծում: Այստեղ դիրքավորվելով՝ մենք ցանկացած պահի պատրաստ ենք դիմակայել օտարերկրյա հարձակմանը», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներից մեկը:
Reuters գործակալության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ հանգստյան օրերին սիրիական բանակը Մանբիջի մերձակայքում տանկեր, հրետանի և հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել: Հիշեցնենք, որ սիրիական բանակի առաջին ստորաբաժանումները Մանբիջի շրջան մուտք գործեցին դեկտեմբերի 26-ին` այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին այդ ուղղությամբ մոտալուտ հարձակման, իսկ Վաշինգտոնը` այստեղ տեղակայված 2-հազարանոց ստորաբաժանման դուրսբերման մասին:
Զինված ուժերի տեղաշարժին զուգահեռ, պաշտոնական Դամասկոսը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ, շարունակում է բանակցել սիրիացի քրդերի հետ` փորձելով ոչ միայն կանխել թուրքական հնարավոր հարձակումը, այլև խնդրի երկարաժամկետ լուծում գտնել: Ռուսաստանյան աղբյուրների վկայությամբ՝ այժմ կողմերը մի փաստաթղթի շուրջ են բանակցում, որը զիջումներ է նախատեսում թե՛ քրդերի և թե՛ Դամասկոսի կողմից: Դրանով նախատեսվում է ճանաչել Բաշար Ասադի կառավարության գերիշխանությունը քրդաբնակ շրջաններում, ինչպես նաև սիրիական բանակին հանձնել Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը:Փոխարենը՝ Դամասկոսը կճանաչի երկրի քրդաբնակ շրջաններում ստեղծված վարչակազմի օրինականությունը: Սիրիայի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանում բանակցությունների ընթացքը` հաստատելով միայն դրանց մեկնարկի փաստը:
«Քրդերի հետ շփումներն առկա են: Երկխոսությունը չի դադարել: Գուցե անհրաժեշտ է այդ բանակցությունները է՛լ ավելի ակտիվացնել` հաշվի առնելով հատկապես այն ծավալապաշտական մարտահրավերները, որ առկա են: Խոսքը մասնավորաբար թուրքական կողմի քաղաքականության մասին է», - Դամասկոսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կիրակի օրը հայտարարում էր Սիրիայի արտգործնախարարի խորհրդական Այման Սոուսանը:
Կառավարական բանակի տեղաշարժերի և քուրդ-սիրիական երկխոսության ֆոնին Թուրքիան ևս սկսեց ակտիվ գործողությունների դիմել: Շաբաթ առավոտյան, նախապես չազդարարված այցով Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաթայ գավառ ժամանեցին Թուրքիայի գրեթե բոլոր ուժային կառույցների ղեկավարները` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, Ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դունդարը և Ազգային հետախուզական ծառայության (MIT) տնօրեն Հաքան Ֆիդանը: Սիրիայում ստեղծված իրավիճակին նվիրված ուժայինների խորհրդակցությանը զուգահեռ՝ վերջին 48 ժամերին Սիրիայի հետ սահմանի երկայնքով թուրքական բանակի նորանոր ստորաբաժանումներ էին տեղակայվում: Anadolu գործակալության տվյալներով՝ թուրքական բանակը Սիրիայի հետ սահմանին գտնվող Յայլադաղի շրջանում անցած երկու օրերին նաև տանկային զորավարժություններ է անցկացրել: