Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը լիակատար վերահսկողության տակ է առել Մանբիջը


Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն հաստատեց Հալեպից մոտ 85 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջ քաղաքի նկատմամբ, որը երկար ժամանակ զբաղեցնում էին քրդական զինված խմբավորումները:

Սիրիական պետական աղբյուրների փոխանցմամբ, Մանբիջում, այժմ ծածանվում է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը:

«Սիրիական բանակը Մանբիջ է մտել ի պատասխան բնակիչների հորդորների, ապա նաև երկրի տարածքով մեկ պետական ինքնիշխանությունը վերականգնելու՝ իրենց առջև դրված խնդիրը իրագործելու», - այսօր հայտարարել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը՝ հավաստիացնելով, որ բանակը ապահովում է ինչպես Մանբիջի, այնպես էլ դրա հարակից շրջանների բնակչության անվտանգությունը:

Սիրիական զորքը Մանբիջ է մտել քրդական ինքնապաշտպանական ջոկատների հայտարարությունից հետո, որով վերջիններս կոչ էին անում Դամասկոսին պաշտպանել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից:

Սիրիացի զինվորականները վերջին գրեթե վեց տարվա ընթացքում առաջին անգամ են ոտք դնում Մանբիջ: Քաղաքը նախ «Իսլամական պետություն» ահաբեկչական խնբավորման վերահսկողության տակ էր, իսկ 2016 թվականից՝ քրդական խմբավորումների, որոնց աջակցում էր Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիան:

Սիրիայի հյուսիսում ուժերի հավասարակշռությունը խախտվեց Թրամփի՝ ամերիկյան շուրջ երկու հազար ամերիկացի զինվորականներից կազմված զորքը Սիրիայից դուրս բերելու մասին անակնկալ որոշումից հետո՝ ջիհադիստների վերջին հենակետերի ջախջախումը թողնելով Թուրքիային: Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունը, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ, իր սահմանից երեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջում սպառնալիք է իր անվտանգությանը:

Թրամփի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով սիրիական պատերազմի ընթացքում աջակցում է Սիրիայի ընդդիմադիր զինյալներին՝ հուսալով տապալել Մոսկվայի և Թեհրանի դաշնակից Ասադի վարչակազմը, ժամանակ չկորցրեց: Հայտարարելով ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քրդական ինքնապաշտպանական ջոկատների վրա հարձակման պատրաստակամության մասին՝ Անկարան վերջին օրերին սկսեց հավելյալ ուժեր ուղարկել Մանբիջ:

Էրդողանը, այսօր արձագանքելով Մանբիջի շուրջ զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիան այդտեղ այլևս անելիք չունի, քանի որ քրդերը լքել են այդ տարարծքը:

Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական ջոկատները այժմ ստիպված են պայքարել միանգամից երեք հակառակորդի՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի դեմ:

Ավելի քան յոթ տարի շարունակվող սիրիական պատերազմում Դամասկոսի ռազմական դաշնակից Ռուսաստանը ողջունել է Մանբիջի ազատագրումը: Կրեմլը հայտարարել է նաև, որ Սիրիայում հետագա գործողությունները համակարգելու և համաձայնեցնելու հարցերը քննարկելու նպատակով վաղը կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները, իսկ գալիք տարեսկզբին՝ Էրդողանն ու Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG