Մատչելիության հղումներ

Կարագանդայում տեղի ունեցածը չի կարող ազգամիջյան լարվածության պատճառ դառնալ. Գեղարքունիքի մարզպետ


Բողոքի ցույցը Ղազախստանի Կարագանդա քաղաքում, 6-ը հունվարի, 2019թ.
Բողոքի ցույցը Ղազախստանի Կարագանդա քաղաքում, 6-ը հունվարի, 2019թ.

Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած աղմկահարույց սպանության կասկածյալը՝ Նարեկ Գուրուրյանը, ծնվել-մեծացել է Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:

Նույն գործով անցնող մյուս երկու հայ երիտասարդները՝ Սոխակ ու Թորգոմ Մալխասյանները ևս Սարուխանից են, գյուղապետ Լյովա Աբրահամյանի ազգականներն են:

Վերջինիս տվյալներով, վիճաբանությունը սկիզբ է առել ռեստորանում միացրած երաժշտության պատճառով․ - «Իբր մի խումբ մի երգ է պատվիրել, մյուսը՝ մյուս, վիճաբանություն է տեղի ունեցել, և ռեստորանի մեր երիտասարդները գտնվելով այդտեղ ցանկացել են ինչ-որ միջամտեն, որ կոնֆլիկտը չմեծանա»։

Դեպքից հետո 23-ամյա Նարեկ Գուրուրյանը փախուստի էր դիմել, նախօրեին, սակայն, իրավապահները նրան ձերբակալել են Ռուսաստանի տարածքում, և այժմ արտահանձման հարցն է քննարկվում:

Շաբաթասկզբին Գուրուրյանը տեսաուղերձ էր տարածել համացանցում ու պնդել, թե կռվին մասնակցել է, բայց մարդ չի սպանել և չի պատրաստվում ուրիշի մեղքն իր վրա վերցնել: Երիտասարդի մայրը՝ Աիդա Հովեյանը ևս Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում պնդել էր, թե որդին անմեղ է:

Այսօր, սակայն, Հովեյանին գյուղում չկարողացանք գտնել: Դիմեցինք գյուղապետի ու մարզպետի օգնությանը՝ ապարդյուն: Գյուղացիներն էլ չձայնագրվելու պայմանով ասացին, թե որոշել են այլևս այս թեմայով չխոսել:

Այս դեպքը գյուղում ամենաշատ քննարկվող հարցն է։ Ամփոփելով վերջին տեղեկությունները, գյուղապետն ասում է, թե սպանության գործով կասկածյալ իր բարեկամների պապը մի քանի հայերի հետ օրերս հանդիպել է սպանված երիտասարդի ընտանիքին։

«Իրար հետ զրուցել են, գրկախառնվել են, էդ մարդը [կասկածել է], որ իրա տղային հայերը չեն սպանել, քանի որ շատ դրվագներ կան, որ էդ տղայի դիակը հետո է այդտեղ հայտնաբերվել նստած վիճակում և մահացել է արյունահոսությունից: Բայց էդ շրջակայքում մի կաթիլ արյան հետք էլ չի եղել», - նշեց Սարուխանի համայնքապետը։

«Տեղի ունեցածը կենցաղային խնդիր է, այն չի կարող ազգամիջյան լարվածության պատճառ դառնալ», - ասում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու հավելում՝ Սարուխան գյուղը Կարագանդայի հետ բարեկամական ամուր կապեր ունի դեռ խորհրդային տարիներից։ Շուրջ 8 հազար բնակիչ ունեցող գյուղի մեծ մասն այսօր էլ արտագնա աշխատանքի համար Ղազախստան է մեկնում, հիմնականում՝ Կարագանդա։ Ընդ որում, այդ մասին կարելի է կռահել առանց գյուղապետի ներկայացրած վիճակագրությանը ծանոթանալու։ Սարուխանում երթևեկող յուրաքանչյուր երկրորդ ավտոմեքենան Ղազախստանի պետհամարանիշներով է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG