Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հաղորդել են, որ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղին է՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածները:
Անցած տարվա հունիսի 30-ից առ այս տարվա հունվարի 11-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է: