Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել տասը անձի կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ


Investigative committee of the republic of Armenia, 17 nov. 2018
Investigative committee of the republic of Armenia, 17 nov. 2018

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով բացահայտվել են բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տասը անձի:

Նախնական քննության տվյալներով՝ Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թվականներին ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնող խմբերում, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, ավելին՝ ոչնչացրել են հիշյալ անտառտնտեսություններում ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, իսկ ստուգման արդյունքներով կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նվազեցնելով տվյալ անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված ստուգումների ընթացքում ակնհայտ ապօրինի հիշյալ գործողությունները կատարելու համար անտառպետությունների անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք. բացահայտվել է նման չորս դրվագ:

Քննությամբ պարզվել են նաև քաղաքացիների կողմից տարբեր անտառապետերին կաշառք տալու մի շարք դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված առերևույթ հանցավոր դրսևորումներին առնչություն ունեցած տաս անձի ինքնություն։

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի հինգ նախկին աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին հայտնաբերելու, ապօրինի ծառահատումներին, կոռուպցիոն դրսևորումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG