Մատչելիության հղումներ

Անթույլատրելի են կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը. Սփյուռքի նախարարություն


Սփյուռքի նախարարության շենքը Երևանում
Սփյուռքի նախարարության շենքը Երևանում

Հայաստանի սփյուռքի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նախարարությունը հայտնում է, որ ակնդետ հետևում է Կարագանդայում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն», - ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա:

Նշենք, որ այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Ղազախստանում մի խումբ հայերի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, բողոքի զանգվածային ցույցերի տեղիք է տվել: Ցուցարարները իշխանություններից պահանջում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել ողբերգական միջադեպի հանգամանքները, գտնել ու պատժել մեղավորներին:

Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:

Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG