Ազգային ժողովի ապրիլի 11-ի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթի ժամանակ անսպասելիորեն գրպանից հանեց և վառեց գունավոր ծխարձակիչը:
«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին դուք գաք Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին մենք կվառենք մեր ազատության ջահը», - հայտարարեց Միրզոյանը` վեր պարզելով ծխարձակող ջահը:
Ապա նրան ևս երկու ծխարձակող ջահերով միացավ «Ելք»-ի մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը:
Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ծխի մեջ էր, պատգամավորները լքեցին այն: «Ոնց որ շոուն չստացվեց», - հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մնացել էր իր տեղում:
Այսպես մեկնարկեցին թավշյա հեղափոխության դրամատիկ իրադարձությունները խորհրդարանում, որոնք շարունակվեցին մինչև տարեվերջ, մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այդ իրադարձություններին է նվիրված «Ազատության» անդրադարձը: