Մատչելիության հղումներ

Խորհրդարանի դահլիճն այսօր մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ էր: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանեց գունավոր ծխարձակիչը, վառեց այն, ապա կոչ արեց բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»: Միրզոյանին ևս երկու ծխարձակիչներով միացավ ընդդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը:

«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին դուք գաք Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը: Ապրիլի 13-ին 18:30-ին՝ Ազատության հրապարակում», - հայտարարեց Միրզոյանը:

Նիստը նախագահող Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի տարբերություն այլ պատգամավորների, մինչև վերջ հանգիստ նստած մնաց իր տեղում, թեև ամբողջությամբ ծածկվել էր ծխով:

«Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատենք, էրեխեք: Էն «Մոսֆիլմ»-ի ֆիլմի նման է, էն որ սենց կանգնում են, է», - ասաց Շարմազանովը:

Ծխին չդիմացող՝ «Ելք» դաշինքից «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը թաշկինակով ծածկել էր քիթը և առաջարկում էր ընդմիջել նիստը, ինչին նիստը վարող Շարմազանովն ընդդիմացավ․ - «Պարոն Գորգիսյան, դուք՝ ձեր խմբակցությունը, ի՞նչ եք վիճում: Ընդմիջումը քվեարկությունից առաջ ու հետո է: Պարզապես թող հանրությունը որոշի, էլի՝ ով ինչով է զբաղված պառլամենտում»:

Ավելի ուշ խորհրդարանի դահլիճ վերադարձած Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոսեց իբրև բժիշկ՝ ասելով, թե տեղի ունեցածը անընդունելի է։ - «Հիմա ականատես ենք լինում այստեղ մի երևույթի, որը վտանգի է ենթարկում, նախ և առաջ, հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորներին, ովքեր որ հիմա այստեղ աշխատում են: Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ ուղղակի որպես քաղաքացի և բժիշկ: Ես ընդունում եմ այդ արարքը անընդունելի», - հայտարարեց Բաբլոյանը:

Ի դեպ, Շարմազանովին հատկապես անհանգստացրել էր «Ելք»-ից «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առողջական վիճակը, ով շարունակում էր քիթը փակել թաշկինակով: - «Պարոն Գորգիսյանը ստիպված օգտագործում է թաշկինակ, որպեսզի առողջությանը վնաս չլինի», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Նկատենք, Գորգիսյանը բավական նյարդային էր: Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչպե՞ս է գնահատում «Ելք» դաշինքի իր գործընկերների քայլը, նա ձեռքով իջեցրեց մեր բարձրախոսը: Դիտարկմանը, թե ինչո՞ւ է իրեն նման բան թույլ տալիս, Գորգիսյանն արձագանքեց՝ «լավ եմ անում»:

Նշենք, որ «Ելք» դաշինքից «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները նախապես տեղյակ չեն եղել դաշինքի մյուս անդամների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիայի մասին: Էդմոն Մարուքյանը, ով ավելի ուշ եկավ դահլիճ, ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ տեղի ունեցել, իսկ Մանե Թանդիլյանը դաշինքի իրենց գործընկերների քայլը որակեց ոչ գործընկերային:

«Իրականում այս ակցիայի մասին մենք տեղեկություն չենք ունեցել, և ես գտնում եմ՝ դա գործընկերային չէ՝ գալ այստեղ և առանց մեզ հետ քննարկելու նմանատիպ ակցիա անել: Ես, իհարկե, շատ ավելի կողջունեի, եթե այդ քայլը քննարկված լիներ: Այնուամենայնիվ, քանի որ դահլիճում հեգնական արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի գործընկերներին պատգամավոր չհեգնել իրավիճակը և ըմբռնումով մոտենալ», - «Ազատությանը» ասաց Թանդիլյանը:

«Ընդունելի՞ է այս ակցիան Ձեզ համար», - «Ազատության» այս հարցին էլ նա արձագանքեց․ - «Մենք այստեղ գործընկերներ էինք, և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ: Սա գործընկերային վերաբերմունք չէր, և անակնկալի մենք պետք է դահլիճում չգայինք»:

Ի դեպ, Արարատ Միրզոյանն ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեց, թե ակցիան տեղի է ունեցել «Իմ քայլը» շարժման շրջանակներում, որն իրականացվում է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա համակիրների կողմից և դուրս է «Ելք»-ի ֆորմատից: Հետևաբար որևէ անհրաժեշտություն և նպատակահարմարություն չկա, գործողությունները համաձայնեցնել «Ելք»֊ի մյուս անդամների հետ, որոնք չեն մասնակցում «Իմ քայլը» շարժմանը: Ինչ վերաբերում է գունավոր ծխարձակիչներին, ապա Միրզոյանը շեշտեց՝ դրանք կատարյալ անվտանգ են եղել:

Մինչդեռ հանրապետականները, ովքեր լքում էին խորհրդարանի դահլիճը, վրդովված էին: Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մեզ առաջարկում էր շնչել ծխապատ օդը, իսկ հանրապետական Շուշան Պետրոսյանն ասաց, որ պարզապես խեղդվում է և լավ չի զգում: - «Սա է՞ պայքարի ձև, այսպես ե՞ն պայքարում: Կներեք, իսկապես լավ չեմ զգում», - հավելեց Պետրոսյանը:

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների ծխարձակներով ակցիան նորմալ գործողություն որակեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, շեշտելով․ -«Ցանկացած քաղաքական պայքար օրենքի սահմաններում նորմալ է, մենք ժողովրդավարական երկիր ենք՝ առնվազն այդպիսի երկիր ենք ուզում տեսնել և կառուցել: Արարատ Միրզոյանը մեր գործընկերն է, եթե ինքը վստահ է, որ կատարյալ անվտանգ է, ուրեմն անվտանգ է՝ ընդունենք դա»:

Հավելենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը իրենց հնարավորություն է տալիս դիմել համապատասխան քայլերի, որոնք բխում են օրենքից: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Շարմազանովը չմանրամասնեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG