Ժամը 15-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած և
Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածում բուք է: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն են իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում: