Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանի փաստաբանը Վերաքննիչում բողոքարկել է նրա կալանքը երկարաձգելու որոշումը


Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյան Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ մասին փաստաբանը հայտնեց «Ազատության» հետ զրույցում։

Դատարանի որոշումը Հարությունյանը մեկնաբանեց որպես «չհիմնավորված, ոչ օրինական որոշում»։ «Դատարանը ընդհանրապես հաշվի չառավ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները, իսկ փաստարկները բավականին ծանրակշիռ էին», - ասաց փաստաբանը:

Հարցին էլ, որ Ղազարյանը հայտարարություն էր տարածել՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը, այս մասով արդյոք որևէ ընթացք տրվե՞լ է, Հարությունյանն արձագանքեց. - «Որևէ նոր բան չկա, ընթացքի մասին ոչ մի նորություն չունեմ, հայտարարությունն էլ ուժի մեջ է»։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG