Մատչելիության հղումներ

Դատարանը երկու ամսով երկարաձգեց Վաչագան Ղազարյանի կալանքը


Վաչագան Ղազարյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատարանն այսօր բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատավորն «արտատպել է» քննիչի հիմնավորումներն ու գտել, որ Ղազարյանի կալանքի տակ գտնվելը բխում է նախաքննության շահերից։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, որ մոտ 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ղազարյանն իր վարքագծով ապացուցել է հակառակը, ու չկա որևէ հիմնավորում, թե նա կարող է խոչընդոտել նախաքննության իրականացմանը։

«Էդ առումով էլ մենք առարկել ենք, և ներկայացրել ենք փաստերով, որ Վաչագան Ղազարյանը շուրջ 4-5 ամիս ազատության մեջ է գտնվել, այդ ընթացքում ակտիվ նախաքննություն է իրականացվել, և երբևէ որևէ փաստ չի արձանագրվել, որ Վաչագան Ղազարյանը չի ներկայացել նախաքննությանը, խանգարել է նախաքննությանը: Ես համենայն դեպս, որևէ հիմնավոր փաստարկ էդ առումով չեմ տեսնում և՛ քննիչի միջնորդության մեջ, և՛ դատարանի որոշման մեջ», - ասաց Արմեն Հարությունյանը:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել այսօրվա որոշումը վերադաս ատյանում։

Իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը, երեկ էր հայտարարությամբ հանդես եկել՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար փոխանցել պետությանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։

«Ինչ վերաբերում ա էդ փողերին, էդ փողերի ծագման աղբյուրներին, այդ մասին նախաքննությանը ներկայացվել են բոլոր անհրաժեշտ ապացույցները, բոլոր անհրաժեշտ անունները, տվյալները և այլն, որը, իհարկե, էս պահին ես չեմ կարող հրապարակել: Սակայն այդ տեղեկությունները կան նախաքննությունը վարող մարմնի մոտ, և դրանց օրինականությունն ու հիմնավորվածությունը օրենքով սահմանված կարգով հենց այդ մարմինների իրավասու ճշտելու», - նշեց փաստաբանը։

6 միլիոն դոլարը, որի գերակշիռ մասը պատկանում է Ղազարյանի չգաղտնազերծվող ընկերոջը, ըստ հայտարարության, ստացվել է մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիս 1-ը։

Վաչագան Ղազարյանը երեկ նաև նշել է՝ ինքը պատրաստ է Հատուկ քննչական ծառայության համաձայնության դեպքում փոխանցել այդ գումարները՝ անկախ այն փաստից, որ «փորձ է արվում տարբեր եղանակներով իր և իր ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, և ապօրինի կալանքի տակ են գտնվում իր հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը ու դրամական միջոցները»։

Արմեն Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, թե որն է այն շարժառիթը, որ Ղազարյանը նման խոշոր գումար է ուզում փոխանցել պետությանը։

«Ես Վաչագան Ղազարյանի այս հայտարարության շարժառիթների մասով որևէ բան չեմ կարող ասել այս պահին, որևէ բան չեմ կարող հայտարարել կամ գնահատել: Դա Վաչագան Ղազարյանի հայտարարությունն է, Վաչագան Ղազարյանի որոշումն է: Ցանկացած մարդ իր գումարը տնօրինելու իրավունք ունի», - արձագանքեց փաստաբանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք պետությունը պատրաստվում է ընդունել Վաչագան Ղազարյանի փոխնացումը, Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը արձագանքեց, որ Վաչագան Ղազարյանին պատկանող շուրջ մեկ տասնյակ անշարժ գույքն ու դրամական միջոցները այդ պահին կալանքի տակ են։ Ինչպես այդ ամենի, այնպես էլ 6 միլիոն դոլարի հարցերը կքննարկվեն և կլուծվել քրեական դատավարության ընթացակարգերով։

Բացի Վաչագան Ղազարյանից, պետությանը նվիրատվություն կատարելու ցանկություն հայտնել էին Սերժ Սարգսյանի մտերիմներից ևս մի քանիսը։ Երրորդ նախագահի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե։
Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը պետությանը ցանկանում էր նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Իսկ անձեռմխելիությունից զրկված պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցանկանում էր նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG