Մատչելիության հղումներ

Լոռու հանքարդյունաբերական շրջանների բնակիչների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել


Հայաստան, Լոռու մարզ - Ախթալայի պոչամբարը, արխիվ

Լոռու մարզի հանքարդյունաբերական շրջաններում բնակվող մարդկանց մազերում ծանր մետաղներ, իսկ հավկիթներում՝ կայուն օրգանական աղտոտիչ՝ դիօքսին է հայտնաբերվել: Ուսումնասիրությունն իրականացրել է չեխական «Արնիկա» կազմակերպությունը՝ հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Պարզվել է, որ Թեղուտում, Շնողում, Ախթալայում և Ալավերդիում հողը, գետերի ջուրն ու սննդամթերքը աղտոտված է:

«Ուսումնասիրվել է Շնող գետի հունի նստվածքը՝ պոչամբարից առաջ և հետո ընկած հատվածներից: Աղտոտումից հետո ծանր մետաղների պարունակությունը 17 անգամ ավելանում է: Նույն վիճակն է Ախթալա գետում», - ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանը։

«Շնող գետը, որը եղել է երկրորդ կարգի մաքուր գետ, մեր Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ այսօր այն 5-րդ դասի աղտոտվածություն ունի։ Այնտեղ բարձր է պղնձի և մոլիբդենի պարունակությունը», - ընդգծում է հայաստանյան «Էկոլուր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վիկտորիա Բուռնազյանը։

Թեղուտ ու Շնող գյուղերը Թեղուտի պղնձամոլիբդենային բաց հանքի անմիջական հարևանությամբ են, Ալավերդիում է գտնվում պղնձաձուլական գործարանը, իսկ Ախթալան պոչամբարի ազդեցության գոտում է: Ու թեև Թեղուտի հանքն ու Ալավերդու գործարանն այժմ չեն շահագործվում, սակայն մասնագետները պնդում են, որ նախկինում իրականացված աղտոտումը լուրջ մտահոգության առիթ է:

Հողի և գետերի ջրերի նստվածքում «Արնիկա»-ի ուսումնասիրությունը կուպրումի, մոլիբդենի, ցինկի, մկնդեղի ու սնդիկի սահմանային թույլատրելի նորմայի տասնյակ անգամների գերազանցում է հայտնաբերել: «Առաջին անգամ հավկիթում դիօքսին է հայտնաբերվել: Դա իսկապես լուրջ ազդանշան է մեր առողջապահության ոլորտի ներկայացուցիչների համար», - ընդգծում է Ելենա Մանվելյանը:

Նրա հավաստմամբ՝ դիօքսինը ազդում է հատկապես վերարտադրողական ֆունկցիայի վրա, առաջացնում չբերություն, ախտահարում սաղմը և մանկահասակ երեխաների օրգանիզմը․ - «Վերարտադրողական ֆունկցիան ծանր մետաղների և դիօքսինի թիրախում է, և օրգանիզմը շատ երկար է ազատվում դիօքսինից՝ միջինում 11 տարում»։

Դեռևս 2013 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետազոտությունը ևս փաստում էր, որ Ալավերդիում և Ախթալայում հողում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի նորման: 2015-ին նույն կազմակերպության մեկ այլ ուսումնասիրությամբ էլ պարզվել էր, որ Ալավերդիում և Ախթալայում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունից զատ, նախարարությունը սեփական հետազոտությունն է իրականացնում:

«Նյութի առկայությունը ինքնին դեռ բավարար ապացույց չի՝ դա կապելու հետևանքների հետ, բայց դա չի էլ նշանակում, որ հետևանք չի ունենում, պարզապես մենք էդ պատճառահետևանքային կապը պետք է ունենանք ապացուցված նաև երկարատև ժամանակի առումով», - նշում է առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Թորոսյանն ասում է՝ եթե պարզվի, որ հանքարդյունաբերությունն է որոշ հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառը, պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել․ - «Եթե պարզվում է, որ, օրինակ, դա արտանետումից է, պետք է արտանետումը կամ կասեցնեն, կամ կառավարեն։ Դրա համար շատ երկարատև հետազոտություններ են պետք ու մեծ ներուժ։ Հիմա մենք փորձել ենք Ալավերդիում մի հատ կարճատև անենք, հետո բոլոր խոցելի տեղերում կարճատև հետազոտություններ անենք, ու մտածում ենք՝ ոնց անենք, որպեսզի մի համակարգ լինի, որ էդ հետազոտությունները երկարատև ու մշտական լինեն»։

Ապացույցներ ու կոնկրետ ուսումնասիրություններ այս առումով դեռ չկան, սակայն հանքարդյունաբերության ազդեցության գոտիներում ապրողները վստահ են, որ հենց ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտվածությունն է իրենց բազում հիվանդությունների պատճառը:

Լիանա Ղուկասյանն ու Արփինե Խուրշուդյանն Ալավերդիում են ամուսնացել, երկուսն էլ տարիներ շարունակ չեն կարողացել հղիանալ․

«Ինձի ասեցին՝ լավ կլինի, լավ կլինի, մի չորս ամիս սպասի՝ լավ չեղավ»․․․

«Ասեցին, որ պետք ա տեղափոխվեք, որպեսզի էդ ծուխը չշնչի, սերմի որակի վրեն ազդում ա: Մինչև վերջի օրս դեղորայքով եմ էս էրեխուն ունեցել: Ինձ թվում ա՝ երկրորդն էլ տենց կլնի։ Փորձում ենք, բայց էլի չի ստացվում»․․․

Ալավերդու մեկ այլ բնակչուհու՝ Գոհար Հովսեփյանի հավաստմամբ, պղնձաձուլարանի արտանետումների պատճառով քաղաքում տարեցտարի ավելանում են օնկոլոգիական հիվանդությունները:

«Էս գործարանն էլ թող փակած մնա, Թեղուտն էլ, որ մարդիկ մի քիչ առողջ ապրեն։ Զոռի օդ ենք շնչում, էս քորփեքը ինչո՞վ են մեղավոր։ Էս ամբողջ Ալավերդին ռակով ա տառապում, որին նայում ես՝ քաղցկեղ ա, լյարդի ցեռոզ ա, էս ա, էն ա», - ասում է Հովսեփյանը։

Հետազոտությունից հետո «Արնիկա» ընկերությունը, «Էկոլուր» ու «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունները համաժողով են հրավիրել ու բանաձև ընդունել:

«Այդ բանաձևը պետք է ուղարկվի Կառավարություն, ինչպես նաև ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու համար, թե մեր Լոռու մարզում այդ հանքարդյունաբերության պատճառով ինչ խնդիրների առաջ ենք մենք կանգնել», - նշում է Վիկտորիա Բուռնազյանը։

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել: Բնապահպանները գլխավոր պատասխանատու են համարում շահագործողներին ու կառավարությանը:

«Մենք կարծում ենք, որ «Վալլեքս» ընկերությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, որովհետև իր գործունեության արդյունքում է այս իրավիճակը ստեղծվել։ Նաև պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, որովհետև, չնայած հիմա մենք ունենք նոր կառավարություն, բայց նա իրավահաջորդ է, և այդ պատասխանատվությունը պետք է կիսեն», - ընդգծում է Բուռնազյանը։

Ախթալայի պղնձի հանքը դեռ շահագործվում է, սակայն տարեսկզբին փակվեց Թեղուտի հանքը, հոկտեմբերից էլ չի գործում Ալավերդու պղնձաձուլարանը, իսկ «Վալլեքս» ընկերության ակտիվները պարտքի դիմաց փոխանցվել են «ՎՏԲ» բանկին: Սակայն կա դեռ հանքի պոչամբարը: 2014-ին հրապարակված՝ Երևանի Պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի աշխատության համաձայն, Ախթալայի ու Թեղուտի պոչամբարները Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարների եռյակում են: Ամենավտանգավորը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG