Մատչելիության հղումներ

Չեխ փորձագետները կպարզեն Հայաստանի բնակիչների վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չափը


Թեղուտի հանքավայրը, արխիվ

Չեխիայի «Արնիկա» բնապահպանական ասոցիացիայի և Չեխիայի քիմիայի ինստիտուտի ներկայացուցիչները հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ Լոռու մարզի Շնող և Ախթալա քաղաքներում հողի, իսկ Ալավերդիում՝ հողի, ձվի և մարդու մազի նմուշներ են վերցնում՝ պարզելու, թե որքանով է հանքարդյունաբերությունն ազդում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչ Մարեկ Շիրն ասում է՝ իրենց նպատակն է պարզել, թե ինչպես են աղտոտիչները կուտակվում մարդու օրգանիզմում, ինչպիսի ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, և ինչ հիվանդություններ կարող են առաջանալ դրանց պատճառով:

Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները դեռ մի քանի տարի առաջ էին ուսումնասիրություն իրականացրել Ալավերդիում, որտեղ պղնձաձուլական գործարան է գործում: Համաձայն այդ ուսումնասիրության՝ երեխաների արյան մեջ կապարի բարձր պարունակություն էր հայտնաբերվել:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Բուրնազյանը պատմում է, որ տարիներ առաջ Ալավերդիում իրականացվել է նաև «Գեո Ալավերդի» ուսումնասիրությունը, որի ժամանակ պարզվել է՝ գործարանի շրջակայքում մոտ 3 կմ շառավղով հողն աղտոտված է ծանր մետաղներով: «Ուսումնասիրության համաձայն՝ տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու քաղաքացիների վրա, Ալավերդու պղնձաձուլական գործարանում երեք կիլոմետր շառավղով հողը շատ աղտոտված է ծանր մետաղներով, սահմանային թույլատրելի ցուցանիշը գերազացվել է 20-ից 40 անգամ»,- ասում է Բուրնազյանը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանն էլ ասում է, որ արդյունաբերական արտանետումները լուրջ վնաս են հասցնում տվյալ միջավայրում ապրող բնակիչների առողջությանը․ «Օրինակ կապարը շատ բազմազան ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Առաջինը՝ մոտացիայի են ենթարկվում սաեռական բջիջները, նաև այլ բջիջներ: Դրա հետևանքով կարող են լինել բնածին արատներ»:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, ով աշխատում է Ալավերդիում, ասում է, որ հաճախ է ականատես լինում, թե ինչպես է Ալավերդու պղնձաձուլարանից արտանետված ծուխը պատում ողջ քաղաքը: Ալավերդիում բնակվող Աննա Փերիխանյանն այն կամավորներից է, որը թույլ տվեց միջազգային կազմակերպության փորձագետներին՝ իր մազերից նմուշ վերցնել: Վստահ է, որ շրջակա միջավայրը ազդում է իր և մյուս ալավերդցիների առողջության վրա: Միևնույն ժամանակ ասում է, որ պղնձաձուլական գործարանը սոցիալական խնդիր է լուծում Ալավերդիում, և պետք է մտածել ոչ թե գործարանը փակելու, այլ հասցվող վնասները նվազեցնելու մասին:

Վերցված նմուշների հետազոտությունն իրականացվելու է Չեխիայի քիմիայի ինստիտուտի լաբորատորիայում, արդյուքներն ավելի ուշ կհրապարակվեն: Հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելու դեպքում կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման չափը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG