Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում, ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում», - հայտարարել է Մնացականյանը:
Վերահաստատելով, որ Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է․ - «Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման»:
Ներկայացնելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները, այդ թվում սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածությունները իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ, Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը և ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը:
«Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է», - նաև հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: