Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
«Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ հետ կմնան մեծ ու ջերմ հիշողությունները հիանալի մարդու, մեծ ամերիկացու ու իմաստուն քաղաքական գործչի մասին, ով աշխարհը դարձրեց ավելի լավը՝ վերացնելով արգելքներն ու պատերը և կառուցելով վստահություն: Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումները», - մասնավորապես գրել է Արմեն Սարգսյանը:
Բուշը մահացել է 94 տարեկանում նոյեմբերի 30-ին Տեքսաս նահանգում:
Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1992 թվականներին: Մինչև Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելը Բուշը զբաղեցրել է երկրի փոխնախագահի, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնները: Նրա նախագահության տարիներին փլուզվեց ԽՍՀՄ-ը, Քուվեյթի ազատագրման նպատակով իրականացվեց «Փոթորիկ անապատում» գործողությունը: