Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մասամբ ապաշրջափակել է ուկրաինական նավահանգիստները


Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյան, արխիվ
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյան, արխիվ

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանն ասել է, որ Ռուսաստանը մասամբ ապաշրջափակել է Ազովի ծովում Ուկրաինայի նավահանգիստները՝ նոյեմբերի 25-ից հետո առաջին անգամ թույլ տալով ուկրաինական նավերին անցնել Կերչի նեղուցով:

Նոյեմբերի 24-ին ռուսները բռնագրավել են ուկրաինական երեք նավ և ձերբակալել են 24 նավաստիներին:

«Բերդյանսկը և Մարիուպոլը մասամբ ապաշրջափակվել են, նավարկությունը մասամբ վերականգնվել է», - ասել է Օմելյանը:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանից պահանջել է վերականգնել Ազովի ծովում ուկրաինական նավերի ազատ նավարկությունը և ազատ արձակել նավաստիներին:

Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինայի ռազմական և քաղաքացիական նավերն ունեն Կերչի նեղուցով և Ազովի ծովում նավարկելու իրավունք:

Ռուս-ուկրաինական ծովային առճակատումը քննարկվելու է այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների և բարձրաստիճան դիվանագետների հավաքում:

Ռուսաստանը շարունակում է գերեվարված պահել 24 ուկրաինացի նավաստիներին, որոնց միջադեպից հետո փոխադրել են մայրաքաղաք:

Մոսկվայի օմբուդսմեն Տատյանա Պոտյաևան այսօր պետք է այցելի երեք նավաստիներին, ովքեր վնասվածքներ են ստացել ռուսների հետ միջադեպի ընթացքում:

Մոսկվան պնդում է, որ ուկրաինացիները միտումնավոր սրել են իրավիճակը և խախտել են Դաշնության ծովային սահմանը:

Միջազգային համայնքը մտահոգված է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը կարող է է՛լ ավելի սրել ռուս-ուկրաինական առճակատումը:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից ընթացող բախումներում սպանվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG