Մատչելիության հղումներ

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, Բրյուսել, 3-ը դեկտեմբերի, 2018թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, Բրյուսել, 3-ը դեկտեմբերի, 2018թ․

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցը:

Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած ընդհարումից հետո, երբ ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական երեք ռազմանավերի վրա և ձերբակալել տասնյակ ուկրաինացի նավաստիների:

Միջադեպից անմիջապես հետո դաշինքի գլխավոր քարտուղարը դատապարտել էր Ռուսաստանին և ՆԱՏՕ-ի աջակցությունը հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: «Ուժի գործադրումը ոչ մի արդարացում չունի: Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և ազատ նավարկության հնարավորություն տա: Ուկրաինական նավերը՝ ռազմական ու քաղաքացիական, իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել Կերչի նեղուցով ու Ազովի ծովով», - հայտարարել էր Յենս Ստոլտենբերգը:

Վաշինգտոնը ևս բավական կոշտ է արձագանքել: «Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ վստահելի գործըկեր չէ, ամեն քայլի պատրաստ է դրժել իր խոստումն ու պարտավորությունը», - Բրյուսել ժամանելուց առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: «Ռուսաստանը փորձում է ուժով վերաձևել միջազգային սահմանները, միջամտել այլ պետությունների ժողովրդավարական գործընթացներին և կիրառելով վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտել այլ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը դիվանագիտական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ռուսաստանի հասցեին հնչող այս քննադատությունների ֆոնին, այդուամենայնիվ, անորոշ է՝ կհամաձայնի արդյոք ՆԱՏՕ-ն ընդառաջել Կիևի խնդրանքին ու հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ՝ հավաքի նախօրեին շեշտել է՝ դաշինքը պատրաստ է շարունակել քաղաքական ու գործնական աջակցությունը, սակայն խուսափել է հստակ մանրամասներից ու խոստումներից:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ընդգծված քաղաքական ու գործնական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային և ավելացրել ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում: Անշուշտ, հիմա մի փոքր վաղ է ասել՝ ինչ կորոշեն նախարարները հավաքի ընթացքում, սակայն ակնկալում եմ, որ դաշնակիցները լուրջ մտահոգություն կհայտնեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ուկրաինայից բացի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել նաև Վրաստանին: «Մենք աշխատում ենք Թբիլիսիի հետ՝ վրացական բանակի և ռազմածովային ուժերի արդիականացման ու առափնյա պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ», - հավաքից առաջ՝ երեկ Բրյուսելում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG