Քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը պարբերաբար ստորացրել է համածառայող Կ. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ, և հերթական անգամ՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ից 18:40-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ Նարեկ Ադիբեկյանի կողմից Կ. Խաչատրյանի նկատմամբ հակաբարոյական գործողություններ կատարելու, ինչպես նաև նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ. Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել»:
Նախաքննության ընթացքում Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով` «տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը», որի համար սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը չորս տարով:
Քննիչի կողմից որոշում է կայացվել նաև Նարեկ Ադիբեկյանին Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում») 1-ին մասով (9 դրվագ), 139-րդ հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») 2-րդ մասի 8-րդ կետով (4 դրվագ), 182-րդ հոդվածի («Շորթումը») 2-րդ մասի 1-ին կետով և 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: