Մատչելիության հղումներ

Զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին


Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել դեկտեմբերի 11-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, հանդիսանում է նույն զորամասի 19-ամյա ժամկետային զինծառայող, ինչպես նաև՝ շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG