Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի 16-60 տարեկան բոլոր տղամարդկանց մուտքը Ուկրաինա արգելվել է


Ռուս-ուկրաինական սահմանի անցակետերից մեկը, արխիվ

Ռուսաստանցի 16-60 տարեկան բոլոր տղամարդկանց մուտքը Ուկրաինա արգելվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Պետրո Ցիհիկալը։

Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային միջադեպին ի պատասխան՝ Ուկրաինայի որոշ շրջաններում հոկտեմբերի 29-ից 30-օրյա ռազմական դրություն է հայտարարվել։

Կիևը պնդում է, որ ռուսաստանցի տղամարդկանց մուտքը Ուկրաինա կարող է թույլատրելի լինել միայն հումանիտար նպատակներով, մասնավորապես՝ հոգեհանգստի մասնակցելու համար։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե այդ միջոցին դիմում են, որպեսզի թույլ չտան, որ Ռուսաստանը ստեղծի Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակի ջոկատներ, որոնք իրականում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն են: «Որպեսզի թույլ չտանք, որ Ռուսաստանն իրականացնի այն ծրագրերը, որ պլանավորել էր դեռևս 2014-ին», - Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Մոսկվան, այս պահի տվյալներով, չի շտապում արգելել ուկրաինացի տղամարդկանց մուտքը Ռուսաստան։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նմանատիպ արձագանքը կբերի կոլապսի, և Մոսկվան նման արձագանքը նպատակահարմար չի համարում։

Սա, սակայն, առաջին անգամը չէ, երբ Ուկրաինայի իշխանությունները սահմանափակում են ռուսաստանցի տղամարդկանց մուտքն իրենց երկիր։ Դոնբասում ռազմական գործողությունների պատճառով այս սահմանափակումը Ուկրաինան կիրառել էր 2014 թվականին։

Ռուս-ուկրաինական այս նոր ճգնաժամը, որը սպառնում է Ռուսաստանի նոր, ավելի կոշտ մեկուսացմանը, առաջացել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին Ռուսաստանի հատուկ ծառայությունները Կերչի նեղուցում հարձակվել և կրակ են բացել ուկրաինական երեք ռազմական նավերի վրա, ուկրաինացի նավաստիներ են վիրավորվել։

Ուկրաինացի զինվորականներին կալանավորվել են երկու ամսով։ Այսօր ռուսական լրատվամիջոցները գրել են, որ ձերբակալված նավաստիներին Ղրիմից տեղափոխել են Մոսկվա։

Արևմուտքը պահանջում է, որ Ռուսաստանը անհապաղ ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG