Եվրոպական առաջնորդներն ու ՆԱՏՕ-ն սառն են արձագանքել պաշտպանությունն ուժեղացնելու և Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերի կալանման ու դրանց անձնակազմերի ձերբակալման կապակցությամբ Ռուսաստանին պատժելու ուղղությամբ նոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կոչերին:
ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարը, մասնավորապես, երեկ հայտարարել է, որ ռազմական դաշինքը արդեն ունի ուժեղ ներկայություն Սևծովյան տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, և չի պատրաստվում հետևել Պորոշենկոյի կոչին ու ռազմանավեր ուղարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գտնվող Ազովի ծով։
ՆԱՏՕ-ի խոսնակն ասել է, որ նավերը կանոնավոր կերպով պարեկություն են իրականացնում և զորավարժություններ անցկացնում Սև ծովում, ընդ որում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նավերն այս տարի տարածաշրջանում են արդեն 120 օր՝ անցած տարվա 80 օրվա փոխարեն:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՆԱՏՕ-ին կոչ էր արել ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը: «Մենք հուսով ենք ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու և ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը», - ասել էր նա գերմանական Bild թերթին տված հարցազրույցում: Պորոշենկոն նաև հույս էր հայտնել, որ եվրոպական երկրները ակտիվ քայլերի կդիմեն՝ ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումն ու ռազմական պաշտպանության ուժեղացումը:
Կիրակի օրը ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել անձնակազմի 24 նավաստիներին: Ռուսական կողմը պնդում է, որ նրանք խախտել են ծովային սահմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դա սադրանք էր՝ կազմակերպված Ուկրաինայի գործող իշխանությունների կողմից: