Մատչելիության հղումներ

Արգենտինայի հայերը բողոքում են Էրդողանի այցի դեմ


Արգենտինա - Բուենոս Այրեսը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին, 28-ը նոյեմբերի, 2018թ․
Արգենտինա - Բուենոս Այրեսը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին, 28-ը նոյեմբերի, 2018թ․

Այսօր Արգենտինայի մայրաքաղաքում հավաքվում են Մեծ քսանյակի ղեկավարները: Գագաթնաժողովն ունի հագեցած օրակարգ, և նախատեսվում են ամբողջ մոլորակի համար կարևոր զարգացումներ՝ չնայած Կերչի միջադեպի առնչությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից:

Ենթադրվում է, որ առևտրի ասպարեզում հետզհետե սրվող հարաբերությունների շուրջ կբանակցեն Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Մեծ ինտրիգ է նաև Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար Մուհամադ բին Սալմանի այցը՝ թագավորի կարգադրությամբ թագաժառանգը ներկա կլինի մոլորակի տնտեսապես առավել զարգացած երկրների հավաքին: Ինչպե՞ս նրան կընդունի աշխարհի վերնախավը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:

Մինչդեռ Արգենտինայի հայերը բողոքում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցի դեմ, դեռ շաբաթասկզբին նրանք հավաքվել են Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանատան մոտ:

«Էրդողանի ներկայության հնարավորությունը նրա այցը շատ ծանր ենք ընդունում ես և իմ ընտանիքը, ես այստեղ եմ հանուն իմ մեծ պապերի հիշատակի, հանուն մեր ամբողջ համայնքի մեծ պապերի հիշատակի», - ասել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ Ագուստին Անարյանը:

Հավաքի ընթացքում ցուցարարները խոսել են ոչ միայն Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, այլև արդի Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի հալածանքների մասին: Ցուցարարները նշել են, որ Էրդողանի ռեժիմը հետևողականորեն հետապնդում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներին, իսկ այդ կառույցի ղեկավար Սելահաթդին Դեմիրթաշը 2016 թվականից բանտում է: Էրդողանի վարչակարգը հալածում է հանրային ակտիվիստներին և իրավապաշտպաններին:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Արգենտինայի հայերը շատ ակտիվ են հայ-թուրքական հարաբերությունների հարցում և ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG