Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ու Իրանը ամեն ինչ կանեն միջուկային համաձայնագրի վերջնական տապալումից խուսափելու համար


ԵՄ և Իրանի ԱԳ նախարարներ Ֆեդերիկա Մոգերինի և Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
ԵՄ և Իրանի ԱԳ նախարարներ Ֆեդերիկա Մոգերինի և Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Եվրամիությունն ու Թեհրանը կանեն հնարավոր ամեն ինչ 2015 թվականին աշխարհի առաջատար պետությունների և Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագիրը ուժի մեջ թողնելու և դրա վերջնական տապալումից խուսափելու համար: Չորեքշաբթի օրը Ժնևում կայացած բանակցություններից հետո հերթական անգամ նման հանձնառություն ստանձնեցին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Իրանի հետ կնքված համաձայնագիրը ամբողջական ծավալով ծառայում է իր հիմնական նպատակին: Դա են վկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից վերջին շրջանում անցկացված մոնիտորինգի 13 փուլերը», - նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ճակատագրում որոշիչ նշանակություն կարող է ունենալ վաղը Բուենոս Այրեսում մեկնարկող Մեծ քսանյակի գագաթնաժողովը: The Wall Street Journal-ի տեղեկություններով` Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները այս համաժողովի ընթացքում կփորձեն վերջնական համաձայնություն ձեռք բերել Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցող հատուկ մեխանիզմի ձևավորման վերաբերյալ: «Բրիտանացի դիվանագետները նշում են, որ Լոնդոնը ևս կարող է միանալ այդ մեխանիզմին՝ փորձելով խուսափել այն բացասական հետևանքներից, որոնք ծագել են մայիսին` միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո», - գրում է The Wall Street Journal-ը:

Եվրոպական առաջատար պետությունները նախևառաջ ցանկանում են վճարումների այլընտրանքային մեխանիզմ ստեղծել, որը հնարավորություն կտա Իրանի հետ գործարար կապեր ունեցող արևմտյան ընկերություններին առևտուր ծավալել Թեհրանի հետ, նաև գնել Իրանում արդյունահանված էներգակիրները` առանց ամերիկյան պատժամիջոցների թիրախ դառնալու:

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, հայտարարել է, թե ցանկացած պետություն, որ կմասնակցի Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմի ստեղծմանը, կբախվի կոշտ հակազդեցության:

«Լյուքսեմբուրգը և Ավստրիան, Վաշինգտոնի դիվանագիտական ճնշման ներքո, արդեն իսկ հրաժարվել են իրենց տարածքում իրավաբանական գրանցում տրամադրել ամերիկյան պատժամիջոցների շրջանցման նպատակով ստեղծվող հատուկ այս մեխանիզմին», - գրում է The Wall Street Journal-ը: Թերթը, վկայակոչելով ԵՄ անանուն աղբյուրները, նշում է, թե Լյուքսեմբուրգի իշխանություններին ԱՄՆ պաշտոնյաները հստակորեն զգուշացրել են, որ երկրի տարածքում մեխանիզմի գրանցման դեպքում Լյուքսեմբուրգի առանցքային դերակատարությունը եվրոպական ֆինանսական շուկայում լրջորեն կվտանգվի:

Պաշտոնական Թեհրանը զգուշացնում է, որ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման գործուն մեխանիզմի ստեղծման հարցում առաջընթացի բացակայությունը միջուկային համաձայնագրի համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշում էր շաբաթասկզբին այցով Բրյուսել ժամանած Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Եթե մենք չենք կարողանալու վաճառել մեր նավթը և զրկված ենք լինելու ֆինանսական փոխանցումների հնարավորությունից, այդ դեպքում այս համաձայնագրի օգուտը մեզ համար ո՞րն է: Մենք մեզ ընձեռված մի շարք հնարավորությունների դիմաց համաձայնել ենք սահմանափակել երկրի միջուկային ծրագիրը: Եթե այդ հնարավորություններն այլևս չկան, ո՞րն է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման իմաստը: Մինչև համաձայնագրի կնքմանը առկա իրավիճակին վերադառնալը մեզ համար տեխնիկապես շատ դյուրին է: Այլ կերպ ասած՝ մենք ի վիճակի ենք վերսկսել ուրանի 20-տոկոսանոց հարստացումը», - հայտարարում էր Սալեհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG