Նա առաջադրվելու Երևանի Դավիթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:
Այսօր ամփոփելով իր վեցամսյա գործունեությունը և պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մակունցը շեշտեց, որ սա քաղաքական որոշում է․ - «Քաղաքական որոշում է եղել, որ համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ցուցակով: Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև օրենսդիրում»:
Մշակույթի նախարարը այս ամիսների ընթացքում փաստորեն մի շարք օրենսդրական բացեր է տեսել հենց մշակույթի ոլորտում․ - «Մասնավորապես, թատրոնի օրենքը, կինոյի օրենքը և թանգարանների օրենքը: Այս երեքը այն առաջնահերթություններից են, որ, կարծում եմ, պիտի առաջ մղվեն»:
Մակունցը հավելեց, որ «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է և շատ շուտով կդրվի քննարկման:
Ինչ վերաբերում է «Կինոյի մասին» օրենքին, ապա ի պատասխան «Ազատության» հարցին, նախարարն ասաց․ - «Էնպիսի իրավիճակում ենք հայտնվել բոլորս՝ նոր կառավարությունը, այդ թվում նաև ես, որ տարիներով կուտակված խնդիրների առջև ես բախվում: Եվ բոլորս անհամբեր ենք: Անհամբեր են ոչ միայն ոլորտի ներկայացուցիչները, այլև ես ինքս՝ որպես խնդրին պոտենցիալ լուծում տվող անձ: Բայց պիտի հաշվի առնենք, որ իսկապես տարիներ շարունակ լուծում չստացած խնդիրները ժամանակ են պահանջում, և չպիտի էնպիսի լուծումներ տանք, որոնք մի քանի ամիս հետո կամ մեկ տարի հետո նորից լրացուցիչ լուծում պահանջեն: Այդ է պատճառը, որ գործընթացը մի փոքր երկարում է, բավականին ծավալուն աշխատանք պետք է կատարվի: Նշեցի, որ «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է, համարյա թե վերջնական փուլում է: Բայց կինոն բարդ է: Բարդ է, որովհետև գործ ունենք ներքին, արդեն գոյություն ունեցող օրենքների հետ: Բարդ է, որովհետև պիտի ներգրավենք նաև ներդրումներ, և տեսնենք ինչպիսի լուծումներ կարող ենք գտնել, որպեսզի թե՛ ներդրում կատարողը շահագրգռված լինի անել դա, և՛ թե դա վնաս չհասցնի ներքին շուկային: Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է: Ես կարծում եմ, արդեն հաջորդ եռամսյակում, մինչև մարտ ամիսը մենք կունենանք նախնական որոշակի փաթեթ, որը կներկայացվի և կասվի, թե այս պահին ինչ փուլում ենք»:
Թատերական գործիչներից ոմանք տարբեր առիթներով շեշտել են, որ նախարարն իրենց դիմումներին ի պատասախան կոչ է անում խնայող լինել և իրենց ստեղծագործական մտահղացումներն իրականացնելու համար գումարներ նախարարությունը չի հատկացնում:
«Ազատության» հարցին, թե ինչ կասի նման հայտարարությունների կապակցությամբ, և ինչ չափով են իրագործվել նախարարության այս տարվա բյուջետային հատկացումները, Լիլիթ Մակունցն արձագանքեց․ - «Չգիտեմ որտեղից է գալիս այդ մեկնաբանությունը, որովհետև թատրոններին, հատկապես մարզային թատրոններին և թատերական ծրագրերին այս տարի բավականին մեծ գումար հատկացվել է, որը անհամեմատ ավելին է եղել նախատեսվածից: Բյուջեի հետ կապված․ հասցնում ենք և կարողանում ենք ծրագրերը կատարել, նաև նախատեսել ենք մինչև տարեվերջ իրականացնել էնպիսի նախագծեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս ֆինանսական միջոցները և, միևնույն ժամանակ, մենք համարում ենք անհրաժեշտ: Օրինակ, դեկտեմբերի 7-ի համար նախատեսել ենք միջոցառումներ թե՛ Վանաձորում, թե՛ Սպիտակում և թե՛ Գյումրիում: Նախապես որևէ բան նախատեսված չէր, բայց որոշեցինք, որ դաշատ կարևոր է»:
Նա անդրադարձավ նաև տասնամյակներ շարունակ լուծում չգտած Մնջախաղի թատրոնի շենքի խնդրին՝ շեշտելով, որ այդ հարցն այլևս լուծված է, թատրոնին հատկացված է շենք և հարցի նման լուծումը բավարարել է թատերախմբին, փոխադարձ համաձայնության են եկել թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի հետ:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք հաջորդ տարի արդյոք կբարձրանա մշակույթի ոլորտում աշխատող անձանց, արվեստագետների աշխատավարձը, Մշակույթի նախարարը շեշտեց․ - «Քանի որ պետական բյուջեի հատկացումների չափը որևէ փոփոխության չի ենթարկվել, այդ հատվածում մենք չենք կարող աշխատավարձի բարձրացում ակնկալել: Բայց մենք ստեղծում ենք հնարավորություններ, որը նաև պայմանավորված է այն որոշումով, որը ներկայացրի՝ պլանների նվազեցումը, որը հնարավորություն է ընձեռում արտաբյուջե ձևավորել և այդ արտաբյուջեից կատարել հատկացումներ հոնորարների, աշխատավարձերի համար: Բավականին մեծ ակտիվություն ցուցաբերելու պարագայում լինում են դեպքեր, երբ, օրինակ, ամիս լինի, կրկնակի կամ եռակի աշխատավարձ բարձրացվի»: