Մատչելիության հղումներ

«Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է». Փաշինյանը Լուկաշենկոյից արձագանք դեռ չի ստացել


Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը Աստանայում, 8-ը նոյեմբերի, 2018թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը Աստանայում, 8-ը նոյեմբերի, 2018թ.

«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին։

Փաշինյանը շարունակեց՝ պատրաստվում են գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե դեկտեմբերի 6-ին կոնսենսուս չլինի և Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց. - «Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումները կայացնում են կոնսենսուսով՝ համաձայնությամբ»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։

Աստանայի գագաթնաժողովից օրեր անց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի ընտրության հարցը և նշում, որ ռոտացիոն կարգով հաջորդը Բելառուսի հերթն է, իսկ ինքն արդեն երեք թեկնածու է քննարկում թափուր պաշտոնի համար: Այս հայտարարությանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը, թե՝ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից:

Փաշինյանը պնդեց, որ նման որոշումը ՀԱՊԿ գործընկերներն ընդունում են կոնսենսուսով, ինչը տեղի չի ունեցել:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր նշեց, որ այս հարցում իր զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է։

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է։ Ես ինքս անձամբ ինչ ունեմ ասելու այդ կապակցությամբ, բարձրաձայնել եմ, և այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես այս պահի դրությամբ անձամբ որևէ արձագանք չեմ ստացել։ Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացի վերաբերյալ, դա նորություն չէ, նախկինում էլ տարբեր առիթներով տեղի ունեցել է, և այս գործելակերպը կշարունակվի», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Համենայն դեպս, մենք չեն պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն նաև գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ դատապարտում ենք նման գործարքները»

Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց․ - «Տեսեք, երեք ամիս առաջ խմբաքանակ մատակարարվել է հայտնի «Պոլոնեզ»-ների, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ, և այդ ամենը տեղի էր ունեցել մի պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում»:

«Ես կարող եմ ասել հետևյալը՝ որ, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքները ուղղված ընդդեմ Հայաստանի ազգայի շահերի, և մենք կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը», - ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եվ ինչպես ես ասել եմ նախկինում, այս փուլի կարևորագույն խնդիրներց մեկը հետևյալն է՝ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություններ ունի ռազմաքաղաքական դաշնակցի, ամեն դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, և կազմակերպությունը ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ»:

«Համենայն դեպս, ես կարող եմ ասել, որ մենք մեր պարտավորությունները լիարժեք դաշնակցային կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում: Եվ մեր խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու և փոխադարձաբար կանխատեսելի և պարզ քաղաքականություն վարելու համար», - ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG