Վրաստանի ընդդիմությունը քննադատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի:
Ընդդիմությունը պնդում է՝ ընտրողների շուրջ 40 տոկոսը չի ապրում գրանցման վայրում և հազիվ թե աշխատանքային շաբաթվա կեսին գնա շրջաններ՝ քվեարկության:
«ԿԸՀ-ն իշխանությունների թելադրանքով է նման որոշում կայացրել», - հայտարարել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ներկայացուցիչը:
Կառավարությունը հակադարձում է՝ քվեարկության օրն ընտրվել է Ընտրական օրենսքգրի պահանջներին համապատասխան:
Անցած ամսվա վերջին՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններով երկրորդ փուլ են անցել Վրաստանի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, և նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող կուսակցությունը՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը: