Մատչելիության հղումներ

Վրաստանցիները ստիպված կլինեն վերադառնալ քվեախցիկների մոտ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլը առջևում է


Վրաստանի նախագահական ընտրություններում 25 թեկնածուներից և ոչ մեկը չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ: Երկրորդ փուլ են անցել իշխանությունների աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսկացությունից: Զուրաբիշվիլիի օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 38․6 տոկոսը, իսկ Վաշաձեն հավաքել է 37․7 տոկոս:

Սրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր հրապարակված նախնական տվյալներն են, համաձայն որոնց՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 46․7 տոկոս, քվեարկել է 1 միլիոն 637 հազար 956 մարդ: Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն ավելի քան 3 միլիոն 500 հազար է:

Ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 2-ից ոչ ուշ:

Վրաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը առանձնացել է սկանդալներով, լարվածությամբ, վարկաբեկող, աղմկահարույց հայտարարություններով: Քննադատության թիրախում էր հատկապես 66-ամյա նախկին դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլին, ում մեղադրում են ոչ-հայրենասիրական հայտարարությունների, ռուսամետության, մայրենի լեզվին ոչ-բավարար տիրապետելու մեջ:

Զուրաբիշվիլիի շուրջ օղակը սեղմվեց հատկապես 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո: Նա հայտարարել էր, թե Ռուսաստանի ագրեսիան հնարավոր էր դարձել Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության հետևանքով: Վրացական ընդդիմությունը` նախևառաջ նախկին նախագահի կողմնակիցները, նախագահի թեկնածուի այս հայտարարությունը դավաճանություն որակեցին:

Նախկին դեսպանը ծնվել և բնակվում էր Ֆրանսիայում, Վրաստան է տեղափոխվել Սաակաշվիլիի հրավերով, մեկ տարի Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարելուց հետո պաշտոնանկ է արվել նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին և անցել ընդդիմադիր ճամբար՝ հետագայում քաղաքական բարեկամություն սկսելով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ուժի հետ: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքները անսպասելի էին հատկապես իշխանությունների համար: Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անձամբ էր շտապել շնորհավորել իր լիակատար աջակցությունը վայելող Զուրաբիշվիլիին, ով, սակայն, այժմ ստպված կլինի հաղթանակի համար շարունակել պայքարը: Ընդամենը երեք օր առաջ Իվանիշվիլին համոզմունք էր հայտնում , որ Զուրաբիշվիլին առաջին իսկ փուլում ջախջախիչ հաղթանակ կտանի: Վրացական աղբյուրների համաձայն իշխանություններն այնքան համոզված էին դրանում, որ երեկ երեկոյան արդեն պատրաստ էր հաղթանակին նվիրված տոնական միջոցառումը, որին պետք է ելույթ ունենար վրացական աստղաբույլը:

Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ ընդդիմադիր գործիչ Գրիգոլ Վաշաձեն՝ ռուսական բալետի աստղ Նինո Անանիաշվիլիի ամուսինը, նույնպես նախկին արտգործնախարար է: Նրա թեկնածությունը առաջադրել է ավելի քան մեկ տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից կազմված դաշինքը, որը գլխավորում է Սաակաշվիլիի ղեկավարած քաղաքական ուժը: Այս թեկնածուին անթաքույց պաշտպանում էր «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերությունը, որը վերջին շաբաթներին եթեր հեռարձակեց մի քանի աղմկահարույց, վարկաբեկիչ գաղտնալսումներ՝ այդ թվում իշխանությունների հնարավոր մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին:

«Ոչ մի նախնական տոնակատարություն: Առջևում ընտրությունների երկրորդ փուլն է, որը մենք անպայման կհաղթենք և Վրաստանում կսկսվի իշխանափոխություն», - հատարարել է ընդդիմության թեկնածուն:

Վաշաձեի մրցակիցներից Դավիթ Բաքրաձեն, ով ձայների թվով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել է, հայտարարել է, որ չնայած սկզբունքային տարաձայնություններին՝ երկրորդ փուլում կպաշտպանի Վաշաձեի թեկնածությունը:

Երկրի անկախացումից հետո սա թվով յոթերորդ և վերջին նախագահական ուղղակի ընտրությունն է: 2024 թվականին նախագահին ընտրելու է ընտրիչների կոլեգիան՝ բաղկացած պատգամավորներից և ավագանու անդամներից: Այս ընտրություններով Վրաստանում ավարտին է մոտենում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցումը, որի դեպքում երկրի գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, իսկ նախագահը կունենա զուտ ներկայացուցչական լիազորություններ՝ մասնավորապես միջազգային հարթակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG