Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին


Վրաստան - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Քութաիսիի ընտրատեղամասերից մեկում, 28-ը հոկտեմբերի, 2018թ․
Վրաստան - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Քութաիսիի ընտրատեղամասերից մեկում, 28-ը հոկտեմբերի, 2018թ․

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին: «Ընտրությունների օրը Վրաստանի քաղաքացիների համար հանգստյան օր է լինելու», - ասել է հանձնաժողովի ղեկավար Թամարա Ժվանիան:

Թե որ օրը նշանակել ընտրությունների երկրորդ փուլը, ԿԸՀ-ն երկար է քննարկել: Ընդդիմությունը պահանջում էր ընտրությունները նշանակել հանգստյան օրը՝ դեկտեմբերի 2-ին, պնդելով, որ հակառակ դեպքում քաղաքացիները պարզապես կդժվարանան կատարել իրենց ընտրությունը:

Փոխզիջումային տարբերակ, այդուամենայնիվ, գտնվել է՝ նոյեմբերի 28-ը չորեքշաբթի է, սակայն Վրաստանի իշխանություններն այն հանգստյան օր են հայտարարել, իսկ երկրից դուրս գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել իրենց կեցության երկրներում մինչև կեսգիշեր:

Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ են անցել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, երկրի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, և նույնպես նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը: Փորձագետները վրացական ընտրությունների երկրորդ փուլն արդեն անվանել են Իվանիշվիլիի և Սաակաշվիլիի միջև մենամարտ:

Նիդերլանդներում ապրող Սաակաշվիլին, ում նկատմամբ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել, արդեն ասել է, որ պատրաստվում է վերադառնալ հայրենիք, հավելելով, թե որևէ պաշտոնի հավակնություն չունի:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն գրեթե հավասար թվով քվեներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG