Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները չեն հանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները չեն հանդիպելու նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Այս մասին երեկ նախ հայտարարել էր ԱՄՆ նախագահը: «Ես վստահ չեմ, որ մենք հանդիպում կունենանք Փարիզում, ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Դժվար թե դա լավագույն տեղն է նման հանդիպում կազմակերպելու համար», - երեկ ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպեն Արգենտինայում, որտեղ անցնելու է Մեծ քսանյակի գագաթնաժողովը։ «Հնարավոր է, որ մենք նաև շատ ուրիշ հանդիպումներ ունենանք», - ասել է Թրամփը և ընդգծել. - «Ինչպես արդեն ասել եմ՝ լավ կլիներ, եթե հնարավոր լիներ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և ընդհանրապես բոլորի հետ»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ըստ էության հաստատել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցություններ Փարիզում նոյեմբերի 11-ին չեն լինի: «Հանդիպում կլինի, բայց՝ կարճ, ոտքի վրա: Լիարժեք բանակցություններ նախատեսված չեն», - ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:

Պեսկովն ընդգծել է, որ ավելի վաղ հայտարարված բանակցությունների չեղարկումը կապված չէ երկու երկրների միջև տարաձայնությունների հետ: Խոսքը միջոցառման ձևաչափի մասին է, ասել է նա՝ հավելելով, որ Պուտինն ու Թրամփը անպայման կհանդիպեն, կխոսեն և կորոշեն, թե որտեղ են անցկացնելու լիարժեք բանակցություններ:

Եվրոպական մի շարք աղբյուրներ և ռուսական «Կոմերսանտ»-ը գրում են, որ Փարիզում Պուտին-Թրամփ հանդիպմանը դեմ էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով չի ցանկանում, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը դառնա հիմնական հանդիպումը և շեղի ուշադրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից:

Փորձագետները, սակայն, գրում են, թե Պուտին-Թրամփ բանակցությունների հետ կապ ունի նաև Չինաստանի առաջնորդը: Թրամփը պահանջում է, որ գագաթնաժողովին մասնակցի նաև Սի Ծինփինը, գրում է մասնավորապես Մոսկվայում Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին:

Ամերիկյան և ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին, որ Պուտին-Թրամփ հանդիպմանը պետք է քննարկվեր, նախ և առաջ, փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը:

Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ Մոսկվայի հետ այդ պայմանագրից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ մոսկովյան հանդիպումից հետո հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն ուզում է, որ այդ պայմանագրին միանան Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և Պակիստանը:

Մոսկվան պնդում է, որ եթե Վաշինգտոնը դուրս գա փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, դա փաստացի կնշանակի, որ սկսվում է սպառազինությունների նոր մրցավազք, ինչպես եղել է «սառը պատերազմի» տարիներին:

Մեկ այլ հարց, որ այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգում է, ամերիկյան նոր պատժամիջոցների երկրորդ փաթեթն է, որն ուժի մեջ պետք է մտնի նոյեմբերին և մեծ սպառնալիք է Ռուսաստանի տնտեսության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG