Մատչելիության հղումներ

Թրամփ - Պուտին հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Փարիզում


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Փարիզում:

Այս մասին Մոսկվայում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանի նախագահը և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները և դրանցում նոր լարվածության պատճառ դարձած միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը:

Այդ պայմանագրով ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները, ինչպես նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։

Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը:

Կրեմլի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ռուսաստանցի լրագրողներից մեկը Ջոն Բոլթոնին հարցրել է, թե արդյոք պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը չի հանգեցնի «որտեղ ցանկանանք, այնտեղ էլ հրթիռ կտեղակայենք» իրավիճակին, և արդյոք հրթիռները կրկին վերադառնում են Եվրոպա՝ «եվրոպացիներին դարձնելով պատանդներ»:

«Իրականում, ռուսաստանյան բալիստիկ հրթիռները արդեն տեղակայված են Եվրոպայում և սպառնալիքը ոչ թե ԱՄՆ-ի այդ պայմանագրից դուրս գալն է, այլ ռուսաստանյան հրթիռների առկայությունը եվրոպական տարածքում», - պատախանել է Թրամփի խորհրդականը՝ կրկնելով Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, որ պայմանագիրը խախտում է ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը:

Ամերիկացի պաշտոնյաի խոսքով, Ռուսաստանը 2013 թվականից ի վեր փորձում է թաքցնել այդ փաստը, և ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունը իր զեկույցներում նշում էր Մոսկվայի կողմից այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելու մասին:

Ջոն Բոլթոնից նաև հարցրել են նոյեմբերին ՌԴ-ի դեմ սպասվող նոր պատժամիջոցների մասին, որոնք սահմանվում են Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման համար:

«Միայն կարող եմ ասել, որ այդ հարցով դեռևս վերջնական որոշում չի ընդունվել», - արձագանքել է ամերիկացի պաշտոնյան:

Թրամփի խորհրդականը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին, ինչը, Բոլթոնի խոսքերով, որևէ արդյունքի չի հանգեցրել, փոխարենը միայն վատթարացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները․ - «Դա դաս կդառնա Կրեմլի համար, չարժեր միջամտել ամերիկյան ընտրություններին»:

Կողմերը քննարկել են նաև սիրիական հակամարտությունը, որի կարգավորման հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը սկզբունքային տարաձայնություններ ունեն: Ռուսաստանը աջակցում է Ասադին, իսկ Միացյալ Նահանգները՝ Ասադի հակառակորդներին: Այդուհանդերձ, Բոլթոնը նշել է, որ Մոսկվայի հետ պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել այդ հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համակարգող գործողությունները:

Ամերիկացի պաշտոնյան նաև ողջունել է Իդլիբի հարցով Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պայմանավորվածությունը, որը, իր խոսքերով, պահպանվում է՝ չնայած առկա խնդիրներին:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են նախ Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում անջակատականներին աջակցության, ապա 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտության, իսկ վերջերս էլ Սկրիպալների թունավորման պատճառով: Ի պատասխան Վաշինգտոնը մի շարք ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ և քննարկում է դրանց է՛լ ավելի խստացման հարցը՝ ընդհուպ մինչև ներդրումային արգելք:

Բոլթոնի հետ հանդիպման մեկնարկին Ռուսաստանի առաջնորդը տարակուսանք էր հայտնել ամերիկյան իշխանությունների «ոչ բարեկամական քայլերի» կապակցությամբ` այլաբանորեն արտահայտելով միտքը․ - «Որքան հիշում եմ, ամերիկյան զինանշանի վրա արծիվ է պատկերված՝ մի կողմից 13 նետ բռնած, մյուս կողմից՝ ձիթենու ճյուղ՝ 13 ձիթապտղով, որպես բարեկամության նշան։ Ձեր արծիվն արդեն բոլոր ձիթապտուղները կտցահարել է, մնացել են նետե՞րը»:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է, թե իր հետ ձիթենու ճյուղ չի բերել: «Ես այդպես էլ գիտեի», - արձագանքել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG