Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ. Շահեն Հարությունյան


Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում, արխիվ

Արժեքների հեղափոխության փորձից հինգ տարի անց՝ առաջիկա օրերին Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի: Նախագահն արդեն ստորագրել է համաներման օրենքը: 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից, բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում:

Նրա որդու՝ Շահեն Հարությունյանի խոսքով, համաներմանը Շանթը, ըստ էության, դեմ չէ, որովհետև ստիպված չէ փաստաթղթեր սոտրագրել դատապարտյալի կարգավիճակով․ - «Եթե կա համաներման օրենքը, ապա դա մեխանիկորեն տարածվում է բոլոր կալանավորների վրա։ Այստեղ Շանթ Հարությունյանն արդեն ուզի-չուզի բանտից դուրս է գալու․․․ Գիտեք, ընդունելի-չընդունելի լինելու մասին չխոսեմ: Այն, որ Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ մի թուղթ ստորագրել, որով նա կընդունի իր մեղքը, չէր ցանկանում ներման դիմում գրել, քանի որ նա քաղբանտարկյալ է. նա քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապշտպան կազմակերպությունների կողմից և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նա [Փաշինյանը] բազմիցս հայտարարել էր այդ մասին»:

Շանթ Հարությունյանը ազատության մեջ մտադիր է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, բայց առաջիկա ընտրություններին չի մասնակցի․ - «Հայրս միշտ է քաղաքականությամբ զբաղվել: Այնպես է ստացվում, որ այն ժամանակ ազատ կարձակեն, երբ ավարտվի վերջնաժամկետը՝ ընտրություններին մասնակցելու հայտերը ներկայացնելու համար։ Երբ արդեն հնարավոր չէ դիմել, կազմել ինչ-որ դաշինք, ցուցակ և մասնակցել ընտրություններին։ Հայրս որևէ ցուցակում չի լինի»:

Հինգ տարի առաջ այս օրը դեռ անչափահաս Շահեն Հարությունյանը հոր հետ Ազատության հրապարակից դուրս եկավ երթի՝ արժեքների հեղափոխության․ - «Հանուն պետության, հանուն պետական շահի, որը չէր սահմանափակվում լոկ իշխանափոխությամբ: Հստակ արձանագրել էին, որ Հայաստանը պետք է ազատագրել ռուսական գաղութի կարգավիճակից, Հայաստանը չպետք է լինի Ռուսաստանի մաս, ինչպես որ հիմա ենք: Հանդես ենք եկել Եվրասիական տնտեսական միության դեմ»:

Շանթ Հարությունյանի ընկեր Ալեք Պողոսյանը ամբողջ պատժաչափը՝ չորս տարի անցկացրեց բանտում: Գարնանը նա արդեն ազատության մեջ էր, երբ Փաշինյանը հեղափոխություն էր սկսել:

«Որևէ հեղափոխական արդյունք մենք չունեցանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը: - «Մենք ունեցանք ընդամենը իշխանափոխություն, որևէ արժեք, որևէ բան փոփոխություն չունեցավ: Հայաստանը պետք է ազատվի ռուսական լծից, պետք է տեղի ունենա ապագաղութացում, որը տեղի չի ունեցել»:

Ալեք Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության հոդվածով, 2013-ի նոյեմբերի 5-ին, ասում է, ոստիկանի մատով չէր կպել․ - «Եթե հիշում եք, 13 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինը պիտի գար Հայաստան: Դեկտեմբերի 2-ին ամենակարևոր ակցիան պիտի իրականացնեինք: Դա նաև գիտեին ոստիկանները, իշխանությունները: Եվ նախօրոք, որքան հնարավոր է արագ կանխեցին, իրանց կողմից ուղարկված սադրիչներով սադրեցին․․․ էդ ամեն ինչը տեղի ունեցավ: Բոլորը գիտեն, որ ես չեմ էլ հասցրել մի բան անեմ: Բայց քանի որ ես եղել եմ Շանթ Հարությունյանի կողքին: Երբ սկսեցին ինձ հարցաքննել, ինձ ասում էին՝ դու լուռ մնաս, քեզ բաց ենք թողնելու: Բայց ես չէի կարա լուռ մնայի, ես ասացի՝ այո, ես պատասխանատվություն եմ կրում, ես գիտեի ինչի համար եմ դուրս եկել»:

Շանթն ու մոտ մեկ տասնյակ ընկերները 2014 թվականին դատապարտվեցին 1-ից յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական հնչեղության գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանի կողմից:

«Շանթ էր՝ պարզ երկնքում: Իշխանությունն էլ էր զարմացած Շանթի գլխավորությամբ կատարած էդ քայլից, ժողովուրդն էլ էր զարմացած: Մենք նստեցինք, դատարանում էլ մեր պայքարը շարունակեցինք: Իրա նստելով Շանթ Հարությունյանը ցույց ա տալիս, որ ոչ մի բան էս երկրում չի փոխվել, իրականում չի փոխվել»:

Շանթ Հարությունյանն այս գործով միակ մեղադրյալն է, որ դեռ ճաղերի հետևում է:

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6,5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

XS
SM
MD
LG