Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի, եթե ստորագրի պահման ռեժիմը փոխելու անհրաժեշտ փաստաթղթերը. Վարչապետի խոսնակ


Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում՝ դատական նիստի ժամանակ, արխիվ

Շանթ Հարությունյանին և խմբին ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով 5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հարցին:

Շանթ Հարությունյանի որդին, Շահեն Հարությունյանը, երեկ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում պնդել էր, թե նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր հոր գործին: Մինչդեռ, վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով:

«Կայացվել է որոշում՝ Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել», - գրել է Եղոյանը:

Մի քանի օր առաջ Փաշինյանին նամակ հղած Շահեն Հարությունյանը, սակայն, կարևորում է «հորը արժանապատվությամբ ազատ արձակելու» պայմանը: Ավելին՝ Շահենի պնդմամբ՝ իր հորն ընդհանարպես ոչ մի առաջարկ չի արվել: Վարչապետի խոսնակն ընդգծում է՝ վարչապետը չի կարող դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, և Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը, դուրս գալ բանտից ու ազատության պայմաններում պայքարել արդարացման համար:

Անդրադառնալով դատական համակարգի վրա ճնշում գործադրելու հետ կապված հարցին, Շահեն Հարությունյանը հակադարձում է՝ դատախազությունը և Փաշինյանը տարբեր դիրքորոշումներ են ունեցել իր հոր կարգավիճակի վերաբերյալ:

Այսօր Շահեն Հարությունյանը նաև «Ֆեյսբուքում» արած գրառմամբ է արձագանքել վարչապետի խոսնակ Արման Եղոյանի՝ իր ձևակերպմամբ՝ «ամբոխավար պատասխանին»: Շահենը, մասնավորապես, գրել է․ «Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում»:

Շահեն Հարությունյանը նաև նշել է, թե Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, ներվի այն բանի համար, որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Նաև հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոր ստեղծված իրավիճակում վարչապետ Փաշինյանը կարող է հրավիրել գլխավոր դատախազի ուշադրությունն այս խնդրի վրա, ինչն էլ դատախազության համար հիմք կհանդիսանա՝ բողոք ներկայացնելու վերաքննիչ ատյան՝ վճիռը բեկանալու և այս գործով բոլոր դատապարտվածներին արդարացնելու համար: Ըստ նրա, դա ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես ճնշում դատարանների վրա:

Օգոստոսի սկզբին մի խումբ իրավապաշտպաններ նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» Շանթ Հարությունյանի ու առհասարակ քաղբանտարկյալների արդարացման գործը: Իրավապաշտպանները նաև ընգծել էին, որ Շանթի գործը լավ առիթ է՝ Հայաստանում քաղբանտարկյալների թեման առհասարակ փակելու համար:

Ի դեպ, Շանթ Հարությունյանի որդին վերջնաժամկետ է նշել՝ մինչև հոկտեմբերի 7-ը․ եթե հորը մինչ այդ չազատեն՝ կիրականացնի անհնազանդության խաղաղ ակցիաներ:

2013-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը և նրա գաղափարակից մի քանի ընկերներ «Ես սկսում եմ արժեքների հեղափոխություն» կարգախոսով երթ էին նախաձեռնել, որը սակայն ընդհատվեց Մաշտոցի պողոտայում, որտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Այս գործով 14 մարդ դատապարտվեց, այդ թվում՝ Հարությունյանի անչափահաս որդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG