Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը իշխանություններից պահանջում է վերաբացել իր գործը


Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում ասուլիսի ժամանակ, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2018թ․

«Արժեքների հեղափոխության» գործով 2013 թվականին ազատազրկված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն իշխանություններից պահանջում է վերաբացել իր գործը։ Կառավարության թույլտվությամբ Հարությունյանն այսօր մոտ 3 ժամ ասուլիս ունեցավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Շուրջ հինգ տարի ազատությունից զրկված ընդդիմադիր գործիչը պնդում է, որ ինքը և այս գործով դատապարտված 13 ընկերները անմեղ են, ու նոր կառավարությունը պարտավոր է վերականգնել արդարադատությունը։

«Իրանք ե՞ն խոստացել, որ գալու են՝ լավ ըլի, թող իրանք էլ հիմնավորեն ու ապացուցեն, որ իրանք, հեսա, գործը վերաբացում են: Բայց սենց նայում եմ՝ ինչքա՞ն գործ վերաբացեցին, էն պոտենցիալ քաղաքական հակառակորդների գործերը բացել են, գուցե ես է՞լ եմ իրանց պոտենցիալ հակառակորդների մեջ ինձի դիտում են, որ ինձ չեն ուզում ազատեն, արդարացնեն, ես չգիտեմ», - հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով․ - «Վարչապետը ասում ա՝ Շանթը քաղբանտարկյալ ա, դատախազը ասում ա՝ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց ա լինում: Այսինքն, դա լինում ա ոչ թե իշխանության տարբեր թևերի անջատում, դա լինում ա պետության համակարգի փլուզում»:

«Արժեքների հեղափոխության» գործով Շանթ Հարությունյանը բանտում մնացած միակ դատապարտյալն է, վերջին երկուսը այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո ստորագրությամբ բաց ռեժիմի անցան։ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ հեռախոսազրույց ունեցել է վարչապետի հետ, սակայն վստահեցրեց՝ ազատվելու կամ բաց ռեժիմի անցնելու առաջարկ Նիկոլ Փաշինյանից չի ստացել։

«Ինքը սենց ասեց, չի առաջարկել բաց ռեժիմ, ասեց՝ «Շանթ, դե գիտես, կրել ենք արդեն, դուրս արի, արի տուն, կհանդիպենք, տեսնենք ինչ ենք անում երկիրը», ասեցի դե՝ «պարոն վարչապետ, եթե ներում, համաներում, ինչ-որ պայմանական, բան, ես չեմ ընդունում, վաղուցվանից էլ գիտեք, որ արդարացում, բան ըլի, խնդիր չկա»: Ասեց՝ «դա պրոցես ա», ասի՝ «խնդիր չունես իմ կողմից, ես կսպասեմ բանտում»: Ասեց՝ «ո՞նց ես պատկերացնում՝ էն երկրում, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ա, Շանթ Հարությունյանը՝ բանտում, դու դա ո՞նց ես պատկերացնում», ասեցի՝ «շատ նորմալ, պրոբլեմ դու իմ կողմից չես ունենալու»: Հիմա ես իրա ասածը ավելի մանրամասն եմ ասում, խոսակցությունը: Ինքը ասեց՝ «բա ի՞նչ անեմ քո համար», ասեցի՝ «մի հատ ասա, թող հեռախոս տան, էդ ապրիլի 13-ի հեղափոխության օրվանից հեռախոսս վերցրել են», ասեց՝ «էս ի՞նչ ես խոսում, ես վարչապետ եմ, ես հո ապօրինություններ չեմ անի», - պատմեց Հարությունյանը:

Ըստ Շանթ Հարությունյանի, իր հետագա պատիժը բաց ռեժիմով շարունակելու առաջարկությունը ստացել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանից։ Իր խոսքով, առաջարկը մերժել է մի քանի պատճառով՝ նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱԱԾ տնօրենը նման առաջարկ անում, երկրորդ՝ բաց ռեժիմի անցնելով, ըստ նրա, արդարադատությունը չի վերականգնվում, քանի որ ինքը կշարունակի զրկված լինել քաղաքական իրավունքներից։

«Ինչ-որ մի հատ Աղաջանյան, որը ուրիշ առիթով էր եկել, էլի, ուղղակի կագեբեշնիկ ա, ասեց՝ «դե դու մի հատ ներման դիմում գրի», ջղայնացրեց ինձ: Իսկ Վանեցյանը, էն մյուս աշխատողը, որը ավելի հարգալից, նու, հուսով եմ, իրա հետ առիթ կունենամ հանդիպեմ, նա ասեց, բայց ես դա չեմ դիտում ինչ-որ ԿԳԲ-ից առաջարկ, որովհետև ուրիշ գործով էր եկել, բայց արանքում ինքը ասեց, որ «մեր ղեկավարը՝ Վանեցյանը, ուզում ա քեզ հեռախոսով ասի», ասի՝ «ի՞նչ ասի», ասեց՝ «որ դուրս գաս բաց ռեժիմ», ասի՝ «բայց ինքը ո՞վ ա, որ ինձի տենց բան ասի», ասեց՝ «դե լավ մարդ ա», բան, ասի՝ «հա, կինոյի տղեն ա, բայց էդքան բան», - փոխանցեց Հարությունյանը:

Նրա համար հատկապես անընդունելի է այն փաստը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմից ճանաչվել է որպես քաղբանտարկյալ և շարունակում է մնալ անազատության մեջ։ Թեև դատախազությունն ու դատական մարմիններն ըստ Սահմանադրության անկախ են, և վարչապետն իրավունք չունի նրանց հրամաններ տալ, Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը արդարարության համար պետք է միջամտի նրանց գործունեությանը․ - «Անկախ մարմինը նշանակում ա, որ եթե ես կարամ գնամ ասեմ էդ դատախազին, ասեմ՝ «այ տղա, դու խի՞ ես էս ապօրինությունը անում», ինքը կարա ասի՝ «այ տղան դու ես», ու ֆռա գնա տուն, վարչապե՛տը որ էդ բանը ասի, ինքը չի կարա ֆռա գնա տուն: Բայց ինքը եթե իմ նմաններին ․․․ ինքը ըստ էության գնում ա կամպրոմիսի նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների, իրական փաստը: Ինքը ինչ ուզում ա ձևակերպի՝ անկախ մարմին, չմիջամտել, բան, էդ հեքիաթ ա: Սերժն էլ էր միշտ ինչ-որ բառերով հիմնավորում, նենց չի, որ ասում էր՝ «լավ եմ անում կեղծում եմ», միշտ մի ձև գտնում էր: Սերժը, երբ որ մեղադրում էինք, ասում էինք՝ «ինքը ասեց Շանթը խուլիգան ա, ազդեց դատարանի վրա», ինքը ասում էր՝ «չէ, ես չեմ ազդում, էնի անկախ մարմին ա»: Բա հիմա Նիկոլն էլ ա նույն բանը ասում, ես ի՞նչ գիտեմ՝ էրկուսն էին խաբո՞ւմ, էրկուսն էին ճիշտը ասո՞ւմ, թե՞ որ մեկն էր իրանցից խաբում»:

«Վարչապետը, ես կարծում եմ, եթե իրավունք չունի միջամտի, ուրեմն՝ էկեք լուծարենք էդ պաշտոնը, ինքը խի՞ ա մուֆթա փող ստանում, որովհետև ինքը ոլորտ չի ղեկավարում», - հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ հավելելով․ - «Վարչապետը եթե չի միջամտելու, ուրեմը ինքը գոյություն չունի: Բա վարչապետը էն պաշտոնն ա, որ բոլորի՛ն պտի միջամտի: Պռոստը, ընգեր Փաշինյան, միջամտե՛լը չի հանցանք, ապօրինի՛ միջամտությունն ա հանցանք, չի ընկալվո՞ւմ էտի»:

Հարությունյանի կարծիքով՝ իր գործը վերաբացելը դժվարին գործ չէ, նա հետևում է մամուլին, տեղյակ է, որ «Մարտի 1»-ի գործով նոր բացահայտումներ են իրականացվում և նոր քրգործեր են հարուցվում։

Շուրջ երեք ժամ տևած ասուլիսը Շանթ Հարությունյանը այսօր սկսեց Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով ու շարունակեց վերջինիս վարած քաղաքականությունը քննադատելով։ Ըստ նրա՝ հեղափոխության առաջնային նպատակը պետք է լինի համաներումը․ - «Ընդհանրապես, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք ա ասեր՝ «ժողովուրդ, հենց հիմա գոռում ենք Սերժը էթա, ես գամ», չէ, ինքը պտի թուղթը, որ էդ Սերժը փախավ, գրեր՝ առաջին պահանջը՝ իրա հրաժարական, երկրորդ պահանջը՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, երրորդ պահանջը՝ նոր վարչապետի ընտրություն: Ոչ թե իրա աթոռի հմար ժողովրդին հանեց փողոց, բայց, ասենք, քաղբանտարկյալների հարցը չդրեց: Ինքը որպեսզի անշրջելի դարձնի էս այսպես կոչված հեղափոխությունը, դա պտի քաղաքական վճիռ իրականացվի»:

Արտաքին քաղաքականության, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում նույնպես Հարությունյանը նոր կառավարության գործունեության մեջ խնդիրներ տեսնում է։ Նրա կարծիքով՝ փոփոխություն այս ոլորտում գրեթե նկատելի չէ։

Ասուլիսի ավարտին Շանթ Հարությունյանը կրկին պնդեց՝ չի ստորագրի պատժի կրման փոփոխության որևէ փաստաթուղթ։ «Արդարադատության վերականգնման համար պատրաստ եմ վերջին մեկ տարին էլ անցկացնել բանտում», - հայտարարեց նա ու իր հեղինակած բանաստեղծության արտասանությամբ հեռացավ ասուլիսի սրահից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG