Մատչելիության հղումներ

Եթե խորհրդարանը վաղը վարչապետ չընտրի, ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան, արխիվ

Խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի վաղը, ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։ Այդ մասին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է այսօր տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից հեռացած պատգամավորները երեկ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ իհարկե կրկին չընտրվելու պայմանով:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եվ եթե անակնկալներ չլինեն, և խորհրդարանը 2-րդ անգամ էլ Փաշինյանին վարչապետ չընտրի, ապա կարելի է ասել, որ վաղն, ըստ էության, խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում, սակայն, անիմաստ համարեց Փաշինյանի 2-րդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրումն՝ ընդգծելով, որ առանց դրա էլ խորհրդարանը գնալու էր լուծարման:

«Ազատություն». - Վաղը պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության շուրջ քննարկումը, ամեն ինչ անփոփո՞խ է, դուք նորից չե՞ք մասնակցելու քվեարկությանը։

Բաղդասարյան. - Ձևական քննարկում է լինելու պարզապես, ես իմաստը չեմ հասկանում նոր առաջադրման։

«Ազատություն». - Ինչո՞ւ, Սահմանադրությունը չունե՞ր այդ պահանջը։

Բաղդասարյան. - Ո՛չ, չի պահանջում, առաջինը կար բառը՝ «քվեարկությունից հետո», պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ ենք հորդորել, որ առաջադրվելը պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա դրա կարիքը ես չեմ տեսնում։

«Ազատություն». - Ինչո՞ւ է այդ դեպքում առաջադրվել, գուցե մտավախություննե՞ր կան։

Բաղդասարյան. - Ի՞նչ մտավախություններ պետք է լինեն, չառաջադրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է՝ այն, ինչ ուզում են իրենք։

«Ազատություն». - Լուծարվելուց հետո Ազգային ժողովը մինչև ե՞րբ է շարունակելու գործել։

Բաղդասարյան. - Մինչև առաջին նիստը, ձևավորվող առաջին նիստը։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում՝ կես տարի առաջ իշխող ուժը կորցրեց, ըստ էության, խորհրդարանում իր ազդեցությունը, իր պատգամավորներին, և արդեն իսկ կանգնած ենք նոր ընտրությունների շեմին։

Բաղդասարյան. - Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսելը։

«Ազատություն». - Այս փուլում արդեն կորցրել եք, նկատի ունեմ, որ տարիուկես առաջ իշխող ուժն էիք՝ 800 հազար ձայն ունեիք հավաքած։

Բաղդասարյան. - Պետք է հետևեք զարգացումներին, դեռ հանրությունն ընտրության ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի։

«Ազատություն». - Դուք գնո՞ւմ եք ընտրության։

Բաղդասարյան. - Այո՛, որոշումը կլինի համաժողովի ժամանակ, համենայն դեպս հակվածությունն ընտրությանը մասնակցելն է։

«Ազատություն». - Դեռևս հստակ չէ՞, թե ով է գլխավորելու ձեր ցուցակը, հնարավո՞ր է, որ Վիգեն Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։

Բաղդասարյան. - Ենթադրություններ մի արեք, երբ որ կլինի քննարկում, դա ընդհանուր քաղաքական ուժն է որոշում։

«Ազատություն». - Դուք կունենա՞ք ռեյտինգային թեկնածուներ, ովքեր կկարողանան նույնչափ ձայներ ապահովել, ինչպես, օրինակ, ապահովում էին ձեր այդ պատգամավորները։

Բաղդասարյան. - Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է մեծ քանակությամբ ձայներ վաստակելու։

«Ազատություն». - Հնարավո՞ր է նախկինում այն պատգամավորներն, ովքեր ռեյտինգայինով ձեզ բավական ձայներ են բերել, նորից առաջադրեք։

Բաղդասարյան. - Անհնարին ոչինչ չկա։

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, շանս ունե՞ք նորից հայտնվելու խորհրդարանում։

Բաղդասարյան. - Բնականաբար։

«Ազատություն». - Որքա՞ն եք գնահատում ձեր շանսերը, հնարավորությունները։

Բաղդասարյան. - Թողեք թող հանրությունը գնահատի։

«Ազատություն». - Անցողիկ անհրաժեշտ շեմը կհաղթահարե՞ք։

Բաղդասարյան. - Չեմ կարծում, որ միայն անցողիկ լինելու համար մենք պետք է պայքարենք։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից հետո, քաղաքական ուժերը դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կգնան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ նաև, այսպես կոչված, ռեյտինգային ընտրացուցակներով:

Իրավապաշտպաններն ու վերլուծաբանները մտահոգված են, որ դրա արդյունքում կրկին կունենանք ոչ քաղաքական խորհրդարան, քանի որ գործարարներն այս անգամ էլ Ազգային ժողով ներթափանցելու հնարավորություն կունենան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշում է՝ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի Ընտրական օրենսգիրքը փոփոխվի, սակայն նաև չեն կիսում հնչող մտահոգությունները:

Ըստ Սիմոնյանի, նախ գործարարներն այլևս խորհրդարան մտնելու անհրաժեշտություն չեն ունենա, քանի որ այլևս քաղաքական տանիք ունենալու կարիք չի լինի, և հետո, այս ընտրություններում գումար բաժանելու հնարավորությունը բացառվելու է:

Սիմոնյան. - Երկար մտածելու պարագայում, ես կարծում եմ, որ մենք այդ մտավախությանը կսկսենք ավելի քիչ լուրջ վերաբերվել։

«Ազատություն». - Այսօր այն անձինք, ովքեր գործարարներ են, բայց ներկայանում են որպես սեփականատերեր, ովքեր թեև պնդում են, որ կառավարման են հանձնել իրենց բիզնեսները տարբեր անձանց, դուք բացառո՞ւմ եք, որ այն պատկերը, որն ունի այսօրվա խորհրդարանը, կկրկնվի նաև դեկտեմբերի ընտրություններից հետո, և ի վերջո մարդիկ արդեն խոսում են, որ պատրաստ են ևս մեկ անգամ առաջադրել իրենց թեկնածությունը։

Սիմոնյան. - Ես բացառում եմ, որ մենք ունենալու ենք նմանատիպ խորհրդարան։ Ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ միգուցե կփորձեն և կգտնեն ճիշտ՝ մասնակցել ընտրություններին և առաջադրվել ռեյտինգային համակարգով։ Բայց ես բացառում եմ, որ դա կրի համատարած բնույթ և Հայաստանի Հանրապետության խորհրդարանը քաղաքական առումով կասկած կառաջացնի, դա բացառված է։ Եվ, ինչպես արդեն նշեցի, այդ գործարարները երկար մտածելուց հետո կհասկանան, որ դրա կարիքն ուղղակի չկա և դա իրենց, այսպես ասած, չի փրկելու, եթե դա ինչ-որ տանիքի ձևով պետք է օգտագործեն։

«Ազատություն». - Ամեն դեպքում, դուք տանիք չեք հանդիսանա այդ անձանց համար, ովքեր ձեզ կարող են հազարավոր ձայներ բերել։

Ալեն Սիմոնյան. - Գնանք մեռնենք, եթե պետք է տանիք հանդիսանանք նման մարդկանց համար։

ՀՅ Դաշնակցությունը հիշեցնում է, որ իրենք բազմիցս են պնդել, որ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պարագայում ունենալու եք վատ արդյունք, տվյալ դեպքում՝ չբարեփոխված Ընտրական օրենսգքիրք, որից բոլորը դժգոհ են: Սակայն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանն ասում է, թե որևէ մտավախություն չունեն նաև ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցում:

Ռուստամյանը հիշեցնում է նախորդ ընտրությունները, երբ բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ ունեցել են, իսկ իրենց 7 պատգամավորներից 3-ը հենց ռեյտինգային ցուցակով են խորհրդարան անցել:

Արմեն Ռուստամյանը բացառում է, որ նոր խորհրդարանում Դաշնկացությունը կարող է ներկայացված չլինել, եթե բացառեին՝ չէին մասնակցի ընտրություններին․ - «Այդպիսի խնդիր Դաշնակցությունը չունի: Մեր խնդիրը ուրիշ տեղ է, զուտ քաղաքական առումով է․ էս ափալթափալությունը բերեց սրան: Դեկտեմբերին դնելով հարցը՝ այսպիսի շտապողականությամբ տապալեցինք էս գործը․․․․ Սա չեն ուզում ընդունեն որպես գլխավոր պատճառ»:

Ռուստամյանի չգիտի, թե ինչու է իշխանությունը պնդում ընտրությունները հենց դեկտեմբերին անցկացնելու վրա․ - «Դեկտեմբերը կպարզվի էն քայլերից, երբ որ ամբողջական իշխանությունը կձևավորվի, կիմանանք իշխանությունը ինչ էր ուզում անել, և դրա համար անհրաժեշտ է դեկտեմբերը: Այդտեղ կերևա դեկտեմբերի բուն պատճառը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG