Մատչելիության հղումներ

«Գնանք մեռնենք, եթե պիտի նախկինում ՀՀԿ-ին ձայներ բերողների տանիք հանդիսանանք»․ Ալեն Սիմոնյան


Ալեն Սիմոնյան, արխիվ

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վաղը կօգտագործի Ազգային ժողովի ամբիոնը հայաստանցիների հետ զրուցելու համար։

«Ազատության» հետ զրույցում Սիմոնյանն ասաց՝ եթե հարցեր կան, կհնչեն, պատասխանները կլինեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ իրենք շարունակում են լինել բաց, գործողությունների մեջ լինել մաքսիմալ անկեղծ։

«Ազատություն». - Ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի առաջադրումը վարչապետի թեկնածու։ Որոշակի մտավախություննե՞ր ունեք, թե՞ պարզապես Փաշինյանն էլի օգտագործելու է առիթն՝ իր ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար։

Ալեն Սիմոնյան. - Չէ, մտավախություն չկա, բայց կա ցանկություն, կա հարմար առիթ ևս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ զրուցելու, այս ամբիոնն օգտագործելու, ինչպես նաև ևս մեկ անգամ հնարավորություն տալու, եթե հարցեր կան, որպեսզի այդ հարցերը հնչեն և այդ հարցերը պատասխաններ ստանան, որպեսզի հետագայում որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մենք շարունակում ենք լինել բաց, շարունակում ենք մեր գործողությունների մեջ լինել մաքսիմալ անկեղծ։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այն անձինք, ովքեր Հանրապետականի միջոցով, նաև Հանրապետականին բազմաթիվ ձայներ են բերել, բայց այսօր քաղաքական նկատառումներից ելնելով խուսափում են՝ հեռացել են Հանրապետականից, կարող են փորձել կրկին խորհրդարան մտնել «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով, և այստեղ, ըստ էության, կարող են ընտրությունների արդյունքները ձեզ համար ոչ այնքան ցանկալի լինել։

Ալեն Սիմոնյան. - Նախ վերջից գամ՝ մեզ համար ընտրությունների արդյունքների ամենակարևոր բաղադրիչ մասը դա այն է, որ նրանք արտացոլեն իրական պատկերը, մնացածն արդեն ժամանակի և մեր գործունեության հետևանք կլինեն։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ «Ծառուկյան» դաշինքի ֆորմատով Ազգային ժողով գալուն, կարծում եմ, որ դա իմ կողմից չէ, որ պետք է մեկնաբանվի։ Մենք չենք կարող ստիպել մարդկանց և մեր անձնական գնահատականներով, մեր անձնական վճիռները կայացնել քաղաքական մասով։ Մենք անում ենք դա ամեն օր՝ քաղաքական առումով ինֆորմացիա ենք տալիս, մեր կարծիքն ենք հնչեցնում, բայց մնացածն արդեն ընտրությունների գնացած անձի որոշելիքն է։

«Ազատություն». - Ամեն դեպքում, դուք տանիք չեք հանդիսանա այդ անձանց համար, ովքեր ձեզ կարող են հազարավոր ձայներ բերել։

Ալեն Սիմոնյան. - Գնանք մեռնենք, եթե պետք է տանիք հանդիսանանք նման մարդկանց համար։

Վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։

Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG