Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի առաջադրվելու կարիքը չկար. Վահրամ Բաղդասարյան


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու կարիք չկար։

Նշելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու իմաստը չի հասկանում, Բաղդասարյանն ասաց, որ Սահմանադրությամբ նման պահանջ ամրագրված չէ։

«Ազատություն». - Վաղը պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության շուրջ քննարկումը, ամեն ինչ անփոփո՞խ է, դուք նորից չե՞ք մասնակցելու քվեարկությանը։

Բաղդասարյան. - Ձևական քննարկում է լինելու պարզապես, ես իմաստը չեմ հասկանում նոր առաջադրման։

«Ազատություն». - Ինչո՞ւ, Սահմանադրությունը չունե՞ր այդ պահանջը։

Բաղդասարյան. - Ո՛չ, չի պահանջում, առաջինը կար բառը՝ «քվեարկությունից հետո», պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ ենք հորդորել, որ առաջադրվելը պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա դրա կարիքը ես չեմ տեսնում։

«Ազատություն». - Ինչո՞ւ է այդ դեպքում առաջադրվել, գուցե մտավախություննե՞ր կան։

Բաղդասարյան. - Ի՞նչ մտավախություններ պետք է լինեն, չառաջադրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է՝ այն, ինչ ուզում են իրենք։

«Ազատություն». - Լուծարվելուց հետո Ազգային ժողովը մինչև ե՞րբ է շարունակելու գործել։

Բաղդասարյան. - Մինչև առաջին նիստը, ձևավորվող առաջին նիստը։

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։

Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները երեկ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։

Նշենք, որ եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

«ՀՀԿ-ն գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների»

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում՝ կես տարի առաջ իշխող ուժը կորցրեց, ըստ էության, խորհրդարանում իր ազդեցությունը, իր պատգամավորներին, և արդեն իսկ կանգնած ենք նոր ընտրությունների շեմին։

Բաղդասարյան. - Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսելը։

«Ազատություն». - Այս փուլում արդեն կորցրել եք, նկատի ունեմ, որ տարիուկես առաջ իշխող ուժն էիք՝ 800 հազար ձայն ունեիք հավաքած։

Բաղդասարյան. - Պետք է հետևեք զարգացումներին, դեռ հանրությունն ընտրության ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի։

«Ազատություն». - Դուք գնո՞ւմ եք ընտրության։

Բաղդասարյան. - Այո՛, որոշումը կլինի համաժողովի ժամանակ, համենայն դեպս հակվածությունն ընտրությանը մասնակցելն է։

«Ազատություն». - Դեռևս հստակ չէ՞, թե ով է գլխավորելու ձեր ցուցակը, հնարավո՞ր է, որ Վիգեն Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։

Բաղդասարյան. - Ենթադրություններ մի արեք, երբ որ կլինի քննարկում, դա ընդհանուր քաղաքական ուժն է որոշում։

«Ազատություն». - Դուք կունենա՞ք ռեյտինգային թեկնածուներ, ովքեր կկարողանան նույնչափ ձայներ ապահովել, ինչպես, օրինակ, ապահովում էին ձեր այդ պատգամավորները։

Բաղդասարյան. - Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է մեծ քանակությամբ ձայներ վաստակելու։

«Ազատություն». - Հնարավո՞ր է նախկինում այն պատգամավորներն, ովքեր ռեյտինգայինով ձեզ բավական ձայներ են բերել, նորից առաջադրեք։

Բաղդասարյան. - Անհնարին ոչինչ չկա։

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, շանս ունե՞ք նորից հայտնվելու խորհրդարանում։

Բաղդասարյան. - Բնականաբար։

«Ազատություն». - Որքա՞ն եք գնահատում ձեր շանսերը, հնարավորությունները։

Բաղդասարյան. - Թողեք թող հանրությունը գնահատի։

«Ազատություն». - Անցողիկ անհրաժեշտ շեմը կհաղթահարե՞ք։

Բաղդասարյան. - Չեմ կարծում, որ միայն անցողիկ լինելու համար մենք պետք է պայքարենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG